Ճանապարհային ոստիկանությունը ԱՊՊԱ գործող պայմանագիր չունեցող վարորդներին հիշեցնում է՝ ապրիլի 20-ից կկիրառվեն վարչական ներգործության միջոցներ
Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի129.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի, այսինքն՝ հարյուր հազար դրամի չափով:
«Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը հագեցված է այնպիսի տեխնիկական հնարավորություններով, որոնք հնարավորություն են տալիս ավտոմատ եղանակով հայտնաբերել այն տրանսպորտային միջոցները, որոնք վարվում են՝ չունենալով ԱՊՊԱ գործող պայմանագիր:
Հորդորում ենք բոլոր վարորդներին և տրանսպրտային միջոցների սեփականատերերին՝ մինչև 2015 թվականի ապրիլի 19-ը ներառյալ ունենալ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր, հակառակ դեպքում, ապրիլի 20-ից սկսած, կկիրառվեն վարչական ներգործության միջոցներ:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ