ՀՀ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի աշխատանքային խորհրդակցություն
15.02.2013 16:26
Ընտրություններ
Փետրվարի 15-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Մասնակիցներին հիշեցնելով, որ օրերս տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հրահանգել էր արագ լուծում տալ ընտրությունների նախապատրաստական փուլի կոնկրետ խնդիրներին, Հունան Պողոսյանը աշխատանքային խմբերի պատասխանատուներին առարկայական քննարկման կոչ արեց:
Պատասխանատուները ներկայացրին օպերատիվ շտաբի նախորդ խորհրդակցությանը հաջորդած աշխատանքները:
Մասնավորապես նշվեց, որ փետրվարի 15-ի դրությամբ՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 29 դեպք, որից՝ որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 1 նյութ և անհիմն լինելու եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 2 դեպքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 26 դեպքով նախաքննության և հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր, որոնցից 3 դեպքով՝ Հատուկ քննչական ծառայությունում, իսկ 1 դեպքով հարուցված քրեական գործը վարում է ԱԱԾ քննչական վարչությունը:
Ինչ վերաբերում է ընտրացուցակների ճշգրտմանը, ապա նշվեց, որ 2013 թ. հունվարի 9-ից՝ նախնական ընտրացուցակների հրապարակումից հետո, մինչև 2013 թ. փետրվարի 13-ը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում մշակվել է ընտրացուցակներին առնչվող անճշտությունների վերաբերյալ 4018 տեղեկություն, որից` 1928-ը ստացվել է ոստիկանության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, 2090-ը` ընտրական գործընթացի մյուս մասնակիցների կողմից: Ընտրացուցակներում կատարվել է ընդամենը 19 անճշտության շտկում: Ընտրացուցակներից հանվել են նաև 2028 մահացած անձի տվյալներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված կարգով ռեգիստրը վարող մարմինը չէր ստացել:
Աշխատանքային խմբերի ղեկավարները զեկուցեցին նաև ընտրատարածքներում ոստիկանական ծառայության իրականացման, քվեաթերթիկների ուղեկցման և պահպանության, բուն տեղամասերի անվտանգության ապահովման, քրեածին իրավիճակի վերահսկման և այլ ուղղություններով տարվող աշխատանքների մասին:
Նշվեց, որ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ընդգրկված են բավարար ուժեր, որոնք ապահովված են տեխնիկական ու նյութական միջոցներով, վերջին ստուգումներն են արվում տեղերի հետ անխափան կապի ապահովման ոլորտում, ճշգրտվել են ինչպես ոստիկանության տարբեր ստորաբաժանումների միջև, այնպես էլ այլ իրավապահ մարմինների, ԿԸՀ-ի, դիտորդական առաքելությունների, զանգվածային լրատվության միջոցների և այլ կառույցների հետ համագործակցության միջոցներն ու ձևաչափերը:
Խորհրդակցության ավարտին Հունան Պողոսյանը աշխատանքային խմբերի ղեկավարներին հանձնարարեց անձնակազմերին մեկ անգամ ևս հրահանգավորել իրենց գործառույթների վերաբերյալ և լիարժեք իրականացնել ծրագրով ու ժամանակացույցով նախատեսված վերջին փուլի աշխատանքները: