Հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Հունիսի 11-ին տեղի ունեցավ ոստիկանության նախաձեռնած քննակումների շարքի առաջին հանդիպումը՝ իրավական դաշտում աշխատող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:
Նախաձեռնության նպատակը ոստիկանություն-հասարակություն փոխգործակցության ամրապնդումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնահարցերի հստակեցումն է:
Բացելով հանդիպումը՝ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ ոստիկանությունը կարևորում է համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ հասարակական կարգի պահպանության, քաղաքացիների իրավունքների պաշտպանության, տեղեկատվության փոխանակման և այլ ոլորտներում, սակայն ժամանակը պահանջում է գործակցությունը բարձրացնել որակական նոր աստիճանի՝ ծագող խնդիրներն ավելի օպերատիվ ու լիարժեք լուծելու, հետադարձ կապ ապահովելու և հանրային վստահությունն ամրապնդելու համար:
Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ անմիջական ու պարբերական շփումները, ըստ էության՝ համատեղ աշխատանքը ոստիկանության հետ թույլ կտա ձևավորել փոխվստահության դաշտ, ինչը նախևառաջ բխում է քաղաքացիների շահերից, որոնց պաշտպանությանն են կոչված թե՛ ոստիկանությունը, թե՛ իրավապաշտպան կառույցները:
Քննարկվեցին փոխգործակցության տարաբնույթ ոլորտներ, կազմակերպչական, օրակարգային և ժամանակացուցային խնդիրներ:
Որոշում կայացվեց նույն ձևաչափով քննարկումները դարձնել պարբերական, իսկ հաջորդ հանդիպումն անցկացնել մեկ ամիս անց՝ նախապես որոշելով քննարկման թեման և մասնակիցների շրջանակը: