Օդանավակայանի փողոցի տներից մեկում տաքսու վարորդի են դանակահարել. Շենգավիթի ոստիկանների բացահայտումը
Դեկտեմբերի լույս 15-ի գիշերը «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Նորագավիթի 2-րդ փողոցից բուժօգնության է տեղափոխել 37-ամյա տղամարդու։
Տուժողը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չէր բացատրություն տալու։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզեցին, որ Օդանավակայանի փողոցի տներից մեկում 37-ամյա տղամարդու, որը տաքսու վարորդ է, և տաքսի պատվիրած 18-ամյա տղայի ու նրա 56-ամյա հոր միջև վեճ էր եղել։ Այդ ընթացքում էլ 18-ամյա երիտասարդը դանակահարել էր տաքսու վարորդին։
56-ամյա տղամարդը և նրա 18-ամյա որդին բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին ու ձերբակալվել, այնուհետև երիտասարդը կալանավորվել է։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: