ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

2022 թվական, 1-ին կիսամյակ

2022թ. 1-ին կիսամյակի  ընթացքում  ՀՀ ոստիկանության միջազգային գործունեության և ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերի կատարման ընթացքի մասին

 

2022 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունը շարունակել է երկկողմ և բազմակողմ սերտ համագործակցությունը օտարերկրյա պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանությունների) և միջազգային կազմակերպությունների հետ:

 

Հանդիպումներ ՀՀ ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների, միջազգային և այլ կազմակերպությունների ղեկավարների հետ

 

Փետրվարի 8-ին ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում պարեկային ծառայության կողմից գրանցված արդյունքները, պարեկային ծառայողների վերապատրաստման, Հայաստանի մարզերում ծառայության ներդրման և այդ ուղղությամբ ԱՄՆ աջակցության համագործակցության հետագա ուղղությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

 

Փետրվարի 17-ին ոստիկանության պետն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լիտվայի ոստիկանության պետի Հայաստան նախատեսված այցի վերաբերյալ,  համագործակցության նոր ուղղություններին առնչվող ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

 

 

Մարտի 1-ին ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի պատվիրակությանը՝ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորությամբ։

Կողմերը քննարկել են Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թվականների գործողությունների նոր ծրագրի դրույթները, որոնք հիմնականում առնչվում են գենդերային հավասարությանը, կանանց նկատմամբ բռնությանը և ընտանեկան բռնության դեմ պայքարին, խտրականության բացառմանը, վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքարին, տվյալների պաշտպանության ամրապնդմանը, կիբեր հանցավորությանը և այլն։

Մարտի 23-ին ոստիկանության պետն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին։ ՀՀ ոստիկանության պետը բարձր է գնահատել երկու պետությունների միջև ձևավորված հարաբերությունները:

Արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծելով Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, աջակության և փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել։

 

 

Երկկողմ համագործակցություն

Ռուսաստանի Դաշնություն

 

Շարունակվել է սերտ համագործակցությունը ՌԴ ներքին գործերի նախարարության հետ` 2008թ. հունիսի 20-ին Երևանում ստորագրված ՀՀ ոստիկանության և ՌԴ ՆԳՆ միջև համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում:

Հաշվետու ժամանակահատվածում Համաձայնագրի շրջանակներում զգալի աշխատանքներ են կատարվել նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս, մասնավորապես հետախուզվող անձանց հայտնաբերման և հանձնման ոլորտում։  

Փետրվարի 2-ին առցանց ձևաչափով անցկացվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի տեքստի հետ կապված քննարկում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 2 ծառայող։

Մարտի 21-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում անցկացվել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության կողմից սոցիալական ցանցերի հայաստանյան հատվածում վերջին շրջանում հաճախակի դարձած ռուսատյացության դրսևորումների, ինչպես նաև տեղական որոշ հասարակական կազմակերպությունների կողմից ռուսաստանցիների հասցեին հնչող սպառնալիքների առնչությամբ բարձրացված խնդիրների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Մայիսի 17-ից 18-ը ՌԴ ՆԳՆ կողմից անցկացվել է Ծայրահեղականության գաղափարախոսության տարածման հիմնախնդրին նվիրված 2-րդ միջազգային կոնֆերանսը՝ առցանց ձևաչափով, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ ոստիկանության ծառայողները առկա և հեռավար եղանակով մասնակցել են մի շարք միջոցառումների ևս:

 

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

 

 

2022թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունը սերտ համագործակցություն է իրականացրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ, մասնավորապես՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL), Տարածաշրջանային անվտանգության ծառայության հետաքննությունների ծրագրի (ARSO-I),  Վրաստանում ԱՄՆ դեսպանության իրավական կցորդի միջոցով՝ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի հետ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հետևյալ ուղղություններով.

  • Ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներ, մասնավորապես Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի կարողությունների ուժեղացում,
  • Պայքար թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ,
  • Թրաֆիքինգ,
  • Պայքար ընտանեկան բռնության դեմ, անչափահասների հետ տարվող աշխատանքներ,
  • ոստիկանության ծառայողների վերապատրաստումներ և այլն:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության մոտ 60 ծառայող հեռավար և առկա եղանակով մասնակցել է շուրջ 20 միջոցառումների՝ հանդիպումների, վերապատրաստման դասընթացների, սեմինարների և ուսումնական այցերի:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ներկայացուցիչներն անմիջապես ներգրավված են եղել ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների գործընթացում: Հայաստանում պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրման նպատակով ՀՀ ոստիկանությանը ցուցաբերվել է նյութատեխնիկական և փորձագիտական աջակցություն, ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Միջազգային քրեական հետաքննությունների վերապատրաստման ծրագրի (ICITAP) հայաստանյան գրասենյակի կողմից վերապատրաստումներ են կազմակերպվել ՀՀ ոստիկանության կրթահամալիրում դասընթացավարների և պարեկային ծառայողների համար, մասնավորապես՝

Հունվարի 14-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ԹՊԻՀ գրասենյակի ղեկավարի և ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Միջազգային քրեական հետաքննությունների վերապատրաստման ծրագրի (ICITAP) հայաստանյան առաքելության խորհրդականի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են 2022թ. նախատեսվող միջոցառումները։

Փետրվարի 22-ից 24-ը Բուդապեշտի Միջազգային իրավապահ ակադեմիայի կողմից անցկացվել է «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի և երեխաների շահագործման հարցերին նվիրված» առցանց դասընթացը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 3 ծառայողներ։

Փետրվարի 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում անցկացրել են «ՀՀ անձնագրերի պաշտպանիչ միջոցները» թեմայով ուսումնավարժանք։

Մարտի 1-ից 3-ը Հունգարիայի Միջազգային իրավապահ ակադեմիայի կողմից անցկացվել է կիբերհանցագործությունների քննության հարցերին նվիրված ղեկավար կազմի առցանց դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 3 ծառայողներ։

Մարտի 9-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը մասնակցել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Գարմիշ քաղաքում գտնվող Ջորջ Մարշալի անվան անվտանգության խնդիրների ուսումնասիրման եվրոպական կենտրոնի կողմից կազմակերպված Անդրազգային կազմակերպված հանցավորության հակազդեցություն խորագիրը կրող դասընթացին։

Մարտի 15-ին Երևանում Կանանց հզորացման միամսյակի կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ իրավապահ մարմիններում աշխատող կանանց հետ հանդիպում։

Ապրիլի 24-ից 28-ը Անն Հարբորում (ԱՄՆ, Միչիգան նահանգ) կայացել է «Խնդիրներին ուղղված ոստիկանական գործունեություն» խորագրով համաժողովը, որին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հրավերով մասնակցել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետը։ Համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին։

 Մայիսի 14-ից 22-ը ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ-Ուերտ քաղաքում ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի միջազգային քրեական հետաքննությունների վերապատրաստման (ICITAP) ծրագրի շրջանակներում անցկացվել է Իրավապահ մարմինների ղեկավարների միջազգային ասոցիացիայի (IADLEST) հերթական տարեկան համաժողովը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավար կազմի ներկայացուցիչները։

Մայիսի 23-ից 24-ը Հայաստանում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի, ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի և ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ ոստիկանության հրամանատարական կազմի համար Երևանում անցկացվել է «Ճգնաժամային իրավիճակներում բանակցություններ» թեմայով դասընթաց-սեմինար, որն անցկացրել են ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի համապատասխան ստորաբաժանումների առաջատար և փորձառու մասնագետները։

 

 

Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ ոստիկանության ծառայողները առկա և հեռավար եղանակով մասնակցել են Հայաստանում ԱՄՆ դեսպանության կողմից կազմակերպված մի շարք միջոցառումների ևս:

Վրաստան

 

 

 

ՀՀ ոստիկանությունը սերտորեն համագործակցում է Վրաստանի ՆԳՆ հետ ՀՀ ոստիկանության և Վրաստանի ՆԳՆ միջև հանցավորության հետ կապված օպերատիվ-հետախուզական գործունեության և տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում:

Փետրվարի 2-ից 4-ը ՀՀ ոստիկանության պետի հրավերով Հայաստանում էր Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորությամբ։

Փետրվարի 2-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով կարևորել է երկրների անվտանգության, իրավակարգի պահպանության համար իրավապահ համակարգերի սերտ համագործակցության հաստատումը։

Այցի շրջանակներում Վրաստանի ՆԳՆ պատվիրակությանն ընդունել է ՀՀ ոստիկանության պետը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու գերատեսչությունների փորձի փոխանակման, անձանց հետախուզման, հայտնաբերման և հանձնման, օպերատիվ տեղեկատվության փոխանակման, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Մարտի 23-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է այցելել ՀՀ-ում Վրաստանի դեսպանության հյուպատոս Մամուկա Զամբաշվիլին։ Այցի ընթացքում քննարկվել են համագործակցությանն առնչվող հարցեր։

 

 

 

Իրանի Իսլամական Հանրապետություն

 

 

Փետրվարի 17-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Ա․ Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հյուպատոս, երրորդ աստիճանի խորհրդական պարոն Սեյեդ Ալի Ֆալլահի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ակտիվացնել երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցությունը։

Փետրվարի 20-ից 22-ը Իրանի Իսլամական Հանրապետություն էր այցելել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էր նաև ոստիկանության պետի առաջին տեղակալ Ա․ Հովհաննիսյանը։

Այցի շրջանակներում հանդիպում է եղել Իրանի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կենտրոնի պետ, բրիգադի գեներալ Մաջիթ Քարամիի հետ։ Քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտի հետ կապված մի շարք հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել համագործակցությունը կապի սպաների միջոցով, կազմակերպել Հայաստանի ոստիկանության ծառայողների համար վերապատրաստումներ Իրանի ոստիկանական կրթական հաստատություններում, ինչպես և ակտիվացնել սահմանային համագործակցությունը երկու իրավապահ կառույցների միջև։

Նույն օրը Հայաստանի ոստիկանության պետի տեղակալին ընդունել է Իրանի ոստիկանության պետի տեղակալ Քասեմ Ռեզային։ Նա հույս է հայտնել, որ հայ գործընկերների հետ ձևավորված համագործակցությունը կընդլայնվի, փորձի փոխանակման նպատակով կիրականացվեն նոր հանդիպումներ և այցեր:

 

Մայիսի 10-ից 12-ը ՀՀ փոխվարչապետ Մ․ Գրիգորյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի համանախագահությամբ Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա․Ֆիդանյանը։ Միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

 

Ֆրանսիայի Հանրապետություն

 

 

Շարունակվել է համագործակցությունը ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև ստորագրված Ներքին անվտանգության ոլորտում համագործակցության մասին վարչական համաձայնագրի, ինչպես նաև տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում:

Հունվարի 25-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալն ընդունել է Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության ներքին անվտանգության հարցերով կցորդ պարոն Էրվե Ժամեին և  ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության տնտեսական առաքելության ղեկավար պարոն Ֆրանսուա Անրի Կլոարեկին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2022թ․ ընթացքում հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցության ոլորտներին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պետի՝ Ֆրանսիայի Հանրապետություն նախատեսվելիք այցին։

Ապրիլի 5-ին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ում կայացել է հանդիպում Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության ներքին անվտանգության հարցերով կցորդի հետ, որի ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր։

Հունիսի 2-ից 3-ը ՀՀ ոստիկանության պատվիրակությունը ոստիկանության պետի գլխավորությամբ աշխատանքային այցով գտնվում էր Փարիզում:

Ոստիկանության պատվիրակությանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության ՆԳՆ ազգային ոստիկանության պետ, գլխավոր կոմիսար Ֆրեդերիկ Վոյը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձինք։

Վահե Ղազարյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, այդ թվում՝ պարեկային ծառայության ներդրմանն ու կառուցվածքային փոփոխություններին վերաբերող։

Պայմանավորվածություն է ձեռքբերվել խորացնել և զարգացնել հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցությունը:

Այցի շրջանակներում կազմակերպվել են հանդիպումներ Ֆրանսիայի ՆԳՆ ազգային ոստիկանության հանրային անվտանգության կենտրոնական վարչությունում, որտեղ ներկայացվել են մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության (այդ թվում և համացանցի միջոցով), կիբեր հանցավորության, տնտեսական և ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի, ինչպես նաև հասարակական անվտանգության պահպանման ուղղություններով իրականացվող աշխատանքները:

 

 

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

2022թ. առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանության նախաձեռնությամբ Բրիտանական խորհրդի երևանյան գրասենյակը կազմակերպել է անգլերեն լեզվի դասընթաց ՀՀ ոստիկանության պարեկային ծառայողների 2 խմբերի համար, յուրաքանչյուրում 15-ական մասնակից։

 

Լիտվայի Հանրապետություն

 

 

Փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության պետի հրավերով աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության դեպարտամենտի գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելայի ղեկավարած պատվիրակությունը։

Այցի շրջանակներում ոստիկանության վարչական համալիրում պատվիրակությանն ընդունել է ՀՀ ոստիկանության պետը։ Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Հանդիպման ավարտին Վահե Ղազարյանն ու Ռենատաս Պոժելան ստորագրել են ՀՀ ոստիկանության և ԼՀ ՆԳՆ ոստիկանության դեպարտամենտի միջև փոխըմբռնման հուշագիր։

 

 

Չեխիայի Հանրապետություն

 

 

Մայիսի 30-ից հունիսի 1-ը Հայաստանում էր Չեխիայի Հանրապետության անվտանգության ուժերի գլխավոր տեսչության պատվիրակությունը՝ տնօրեն, բրիգադի գեներալ Ռադիմ Դրագունի գլխավորությամբ։

Այցի ընթացքում պատվիրակությանն ընդունել են ոստիկանության շտաբի պետն ու ներքին անվտանգության վարչության պետը։ Այցի շրջանակներում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության և Չեխիայի Հանրապետության անվտանգության ուժերի գլխավոր տեսչության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով պայմաններ են ստեղծվել մասնագիտական սերտ կապերի համար, ինչպիսիք են՝ համատեղ աշխատանքների համաձայնեցումն ու կազմակերպումը, փորձագետների և մասնագետների փորձի փոխանակումը, աշխատանքային հանդիպումների և այլ միջոցառումների կազմակերպումը, տեղեկատվության փոխանակումը և այլն։

Չեխիայի անվտանգության ուժերի գլխավոր տեսչության պատվիրակությունն այցելել է նաև ոստիկանության կրթահամալիր։ Չեխ գործընկերները շրջել են կրթահամալիրի տարածքում, եղել ուսումնական կենտրոնում, մարզասրահներում և փորձակայանում, որտեղ ներկայացվել են ուսումնական գործընթացի մանրամասներ։

 


Եգիպտոսի Արաբական Հանրապետություն

 

 

Հունիսի 10-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետն ընդունել է Եգիպտոսի ԱԳՆ համագործակցության և զարգացման գործակալության գլխավոր քարտուղար, դեսպան  պրն. Մոհամեդ Հալիլի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման նպատակն էր Եգիպտոսի ԱԳՆ համագործակցության և զարգացման գործակալության և ՀՀ ոստիկանության համագործակցությամբ Եգիպտոսի Արաբական Հանրապետության ոստիկանական ակադեմիայում դասընթացների կազմակերպման հնարավորության վերաբերյալ  հարցերի քննարկումը։

ՀՀ ոստիկանության շտաբի պետը ողջունել է իրավապահ ոլորտում հայ-եգիպտական համագործակցության վերականգնման նախաձեռնությունը և ՀՀ ոստիկանության անունից նշված ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։

 

 


Հորդանանի Հաշիմյան Թագավորություն

 

 

Հունիսի 2-ից 10-ը Հատուկ նշանակության գործողությունների «Աբդուլլահ Երկրորդ թագավոր» վարժանքների կենտրոնի (KASOTC) կողմից Հորդանանի Հաշիմյան Թագավորության Աման քաղաքում անցկացվել է մարտիկների ամենամյա 12-րդ առաջնությունը։ Մրցաշարին մասնակցել է նաև ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության վարչության թիմը, որը բարդ ֆիզիկական և մասնագիտական վարժությունների ընթացքում ցուցաբերել է պատշաճ որակներ։

 

Միջազգային կազմակերպություններ

Եվրոպական Միություն

 

 

 

Հաշվետու ժամանակահատվածում Եվրոպական Միության հետ համագործակցություն է իրականացվել մի շարք ուղղություններով, մասնավորապես՝

- Ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներ, Կիբերհանցավորության դեմ պայքար,

- Տեխնածին և տարերային աղետների կանխարգելում, ճանապարհային երթևեկության անվտանգություն և այլն, մասնավորապես՝

Հունվարի 19-ից 21-ը ՀՀ ոստիկանության 4 ծառայողներ մասնակցել են ԵՄ, ԵԽ և ԵԱՀԿ կողմից կազմակերպված՝ ֆինանսական հետազոտությունների, վիրտուալ արժույթների և Darknet-ի վերաբերյալ եռօրյա վերապատրաստման դասընթացի։

Հունվարի 24-ից 25-ը Եվրամիության վիճակագրական ծառայության և Հունգարիայի Կենտրոնական վիճակագրական վարչության կողմից «Վիճակագրությունն Արևելյան գործընկերության միջոցով» ծրագրի շրջանակում անցկացվել է առցանց դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Փետրվարի 22-ից 25-ը Եվրոպական միության EU4Digital նախաձեռնության շրջանակում Արևելյան գործընկերության պետությունների համար նախատեսված «Cybersecurity East Project» ծրագրի համատեքստում անցկացվել են «NIST Cyber Security Professional (NCSP®) – Bootcamp and Practitioner» խորագրով վերապատրաստումներ, որոնց մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Փետրվարի 27-ից մարտի 2-ը Ֆրանսիայի Փարիզ քաղաքում կայացել է ԵՄ  Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի թեմայով միջազգային հանդիպումը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 2 ծառայողներ։

Մարտի 2-ին Եվրոպական միության EU4Digital նախաձեռնության շրջանակում Արևելյան գործընկերության պետությունների համար նախատեսված «Cybersecurity East Project» ծրագրի համատեքստում անցկացվել է «PPP and CSO role in the Cybersecurity» խորագրով առցանց վերապատրաստում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Մայիսի 17-ին և հունիսի 23-ից 24-ը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «CyberEast» ծրագրի շրջանակներում կիբեռ հանցագործությունների դեմ պայքարում թափանցիկության և հաշվետվողականության մասին քրեական արդարադատության, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանում և Բուխարեստում կայացել են մեկօրյա քննարկումներ, որոնց մասնակցել են ՀՀ ոստիկանության 2 ծառայող։

Մայիսի 20-ին Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) միջոցով ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող «Աջակցություն միգրացիային և սահմանների կառավարմանը» (Support to Migration and Border Management in Armenia) ծրագրի համատեքստում սահմանային խնդիրների վերաբերյալ կարիքների գնահատմանն ուղղված համագործակցության ընդլայնման առաջարկը քննարկելու նպատակով ՀՀ ԱԽ գրասենյակում անցկացվել է հանդիպում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ ոստիկանության ծառայողները առկա և հեռավար եղանակով մասնակցել են ԵՄ կողմից կազմակերպված մի շարք միջոցառումների ևս:

 

 

Եվրոպայի Խորհուրդ

 

 

 

Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. գործողությունների ծրագրով ՀՀ ոստիկանությունը որպես հիմնական ազգային գործընկեր ներգրավված է հետևյալ բնագավառներում՝

- Գենդերային հավասարություն, կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքար և արդարադատության հասանելիության բարելավում,

- Խտրականության բացառում. ազգային փոքրամասնություններ, տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներ,

- Ոստիկանության բարեփոխումներ, մասնավորապես՝ վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքարի մասով,

- Տվյալների պաշտպանության ամրապնդում,

- Կիբեր հանցավորություն։

Մարտի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հանդիպումը՝ հիբրիդային ձևաչափով:

Քննարկումներին մասնակցել են Գործողությունների ծրագրում ներգրավված ՀՀ գերատեսչությունների, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի քարտուղարությունում և ԵԽ հայաստանյան գրասենյակում դրանց իրականացման պատասխանատուները:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հաջորդ՝ Հայաստան-ԵԽ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրում ներառվելիք նախագծերի վերաբերյալ, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել զանգվածային միջոցառումներում ընդգրկված ոստիկանության ծառայողների վերապատրաստումներ։

Մարտի 6-ից 13-ը Եվրոպայի Խորհրդի Cyber@East և ԵՄ CyberSecurity EAST ծրագրերի աջակցությամբ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացել է Կիբեր հանցագործությունների դեմ պայքարի տարածաշրջանային համագործակցության վարժանքը և Իրավապահ մարմինների համագործակցության համաժողովը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Ապրիլի 12-ին Երևանում կայացել է «Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի համակարգող խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Ապրիլի 13-ին,  ապրիլի 26-ին և 28-ին ԵԽ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Եվրոպայի Խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի շրջանակներում անցկացվել են ընտանեկան բռնության կանխարգելման և դեպքերի վարման մասին միջգերատեսչական հանդիպումներ, որոնց մասնակցել են ՀՀ ոստիկանության ծառայողները։ Հանդիպմանը քննարկվել են ընտանեկան բռնության ոլորտում գործառույթներ իրականացնող պետական կառույցների կողմից իրականացվող աշխատանքները և առկա խնդիրները։

Մայիսի 10-ից 13-ը ԵԽ տվյալների պաշտպանության և կիբեռհանցագործությունների բաժնի կողմից  Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում անցկացվել է «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիայի կոմիտեի 26-րդ լիագումար հանդիպումը և «Ընդլայնված համագործակցություն և էլեկտրոնային ապացույցների բացահայտում» խորագրով միջազգային համաժողովը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 2 ծառայողներ։

Մայիսի երկրորդ կեսին և հունիսի 24-ից 25-ը «Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի շրջանակներում ԵԽ երևանյան գրասենյակը ՀՀ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման 75 ծառայողների համար անցկացրել է վերապատրաստման դասընթացներ։

Հունիսի 13-ից 16-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կայացել է Եվրոպայի խորհրդի քրեական հարցերով Եվրոպական կոմիտեի CDPC) 81-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Հունիսի 28-ից 29-ը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության կողմից Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում անցկացվել է միջազգային համաժողով, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ ոստիկանության ծառայողները առկա և հեռավար եղանակով մասնակցել են մի շարք միջոցառումների ևս:

 

ԵԱՀԿ

 

 

ՀՀ ոստիկանությունը սերտ համագործակցություն է իրականացրել ԵԱՀԿ հետ «Հաշվետու ինստիտուտներ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում հետևյալ ուղղություններով՝

- Ոստիկանության բարեփոխումներ,

- Համայնքային ոստիկանություն,

- Երկխոսության ոստիկանության մոդելի ներդնում

- Հանրային հարցման կազմակերպում։

Մասնավորապես՝

Հունվարի 25-ից 27-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կայացել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ կողմից կազմակերպված «Ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքարը» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 14 ծառայողներ։ Դասընթացին ոստիկանության ծառայողները ծանոթացել են ատելության դեմ պայքարի արտասահմանյան փորձին, քննության ընթացակարգերին և ուսումնասիրել են ՀՀ-ում գրանցված նմանօրինակ դեպքերի մանրամասները։

Փետրվարի 10-ին ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպվել է Հանցագործությունների հետաքննության համար թվային բազաներ ստեղծելու հարցերին ու խնդիրներին վերաբերող առցանց հանդիպում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության մեկ ծառայող։

Մարտի 3-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացավ Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության ծրագրի քննարկումների շարունակությունը, որին առցանց ձևաչափով մասնակցել են նաև ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչները և  ծրագրի պատասխանատուները:

Ապրիլի 26-ին ՀՀ ոստիկանության շտաբում կայացել է հանդիպում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մըրֆինի ղեկավարած պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև 2021թ. հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացված Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կողմից կազմված վերջնական զեկույցը։

Ապրիլի 29-ից մայիսի 12-ը ՀՀ ոստիկանությունում երկխոսության ոստիկանության մոդելի ներդրման գործընթացի շրջանակներում Ոստիկանության կրթահամալիրում անցկացվել է «Երկխոսության ոստիկանություն» թեմայով երկշաբաթյա վերապատրաստման դասընթացը։ ԵԱՀԿ քարտուղարության կազմակերպած դասընթացը նախատեսված էր ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների համապատասխան ծառայողների համար։

Այն վարել են երկխոսության ոստիկանության ոլորտում տասնյակ տարիների աշխատանքային փորձ ունեցող՝ Շվեդիայից ժամանած ԵԱՀԿ փորձագետներ Տանյա Վիկլունդը և Կարլ Յոհան Ահլստրոմը։ 

Դասընթացի ընթացքում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները ծանոթացել են քաղաքացիների հետ երկխոսելու շվեդական փորձին, մասնավորապես՝ դրանք արդյունավետ կիրառելու տեխնիկային, մեթոդներին ու պրակտիկ իրավիճակների լուծումներին:

 

 

 

Հունիսի 1-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետը ընդունել է ԵԱՀԿ քարտուղարության պատվիրակությանը՝ Կոնֆլիկտների կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Չարլզ Լոնսդեյլի գլխավորությամբ։ Այցի նպատակն էր Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության ծրագրի երկրորդ փուլի նախապատրաստումը և կատարված աշխատանքների ամփոփումը։

 

ԵՎՐՈՊՈԼ

 

 

Փետրվարի 10-ին Հաագայում Եվրոպոլի գրասենյակ էր այցելել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա․Ֆիդանյանի գլխավորած պատվիրակությունը։ Պատվիրակությանն ուղեկցում էին Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և դեսպանության կցորդ Վիվիանա Քալաեջյանը։

Այցի նպատակն էր քննարկել 2021 թ. սեպտեմբերի 28-ին Եվրոպոլի գործադիր տնօրենի և ՀՀ ոստիկանության պետի ստորագրած «Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև համագործակցության հաստատման վերաբերյալ» աշխատանքային համաձայնագրի շրջանակներում համագործակցության հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես՝ տեղեկատվության փոխանակման և պահպանման, ազգային կոնտակտային կետի և կապի սպայի նշանակման, համաձայնագրից բխող հետագա անհրաժեշտ քայլերը, տեխնիկական և իրավական գործիքները և այլն։

 

 

 

 

Ինտերպոլ

 

 

 

Հաշվետու ժամանակահատվածում Ինտերպոլի շրջանակներում ՀՀ ոստիկանության 9 ծառայողներ հեռավար և առկա եղանակով մասնակցել են մի շարք միջոցառումների, մասնավորապես՝

Հունվարի 27-ին անցկացվել է Ինտերպոլի GEIGER աշխատանքային խմբի հերթական առցանց հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ռադիոակտիվ և միջուկային նյութերի ապօրինի շրջանառության փաստով իրականացված քննությունների, դրանց արդյունքների, ներգրավված հանցավոր խմբերի, դրանց անդամների և ընդհանուր միտումների վերաբերյալ հարցեր։ Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Փետրվարի 28-ից մարտի 25-ը առցանց հարթակում կայացել է Ինտերպոլի գլոբալ ոստիկանական հնարավորությունների վիրտուալ ուսումնական ծրագրով նախատեսված թեմաների քննարկումը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 3 ծառայողներ։

Մարտի 3-ին Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից անցկացվել է կազմակերպված հանցավոր նպատակներով կրիպտոարժույթների հայտնաբերմանն ուղղված առցանց դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Մարտի 7-ին անցկացվել է Ինտերպոլի First Light 2022 օպերացիայի աշխատանքային խմբի առցանց հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության մեկ ծառայող։

Ապրիլի 6-ից 7-ը Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից անցկացվել է նոր տեխնոլոգիաների միջոցով իրականացվող միգրանտների ապօրինի շրջանառության ու մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին նվիրված առցանց հանդիպում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Ապրիլի 6-ին Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից անցկացվել է «Expert Workshop on Human and Technical Drivers of Cybercrime» խորագրով կիբեռհանցավորության նոր միտումների դեմ պայքարին ուղղված առցանց հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Մայիսի 10-ից 12-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու-Դաբի քաղաքում անցկացվել է Ինտերպոլի պայմանավորված խաղերի «12th Interpol Match-Fixing Task Force Meeting» աշխատանքային խմբի 12-րդ հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Մայիսի 17-ից 19-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում անցկացվել է Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 49-րդ կոնֆերանսը, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը։

Մայիսի 31-ին անցկացվել են Ինտերպոլի անդրազգային ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի հարցերով աշխատանքային խմբի 10-րդ և «First Light 2022» օպերացիայի եզրափակիչ հանդիպումների օրակարգով նախատեսված քննարկումները, որոնց մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Մայիսի 31-ին ՀՀ ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունը Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքի հրավերով ճանաչողական այց կատարեց Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության նստավայր՝ Լիոն։

Ոստիկանության պետին ընդունեց Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ հանցավորության տարբեր ոլորտների դեմ առավել արդյունավետ պայքարելու, Ինտերպոլի և Հայաստանի ոստիկանության միջև համագործակցությունն ավելի ամրապնդելու նպատակով։ ՀՀ ոստիկանության պետը հրավիրել է պարոն Շտոքին հոկտեմբերին այցելել ՀՀ:

 

 

 

Հունիսի 7-ին  Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից անցկացվել է թմրանյութերի և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին ուղղված 4-րդ վիրտուալ համաժողովը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Հունիսի 7-ից 10-ը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվել է Ինտերպոլի GEIGER աշխատանքային խմբի հանդիպումը, որի ընթացքում ներկայացվել են ընթացիկ համաշխարհային միտումներն ու սպառնալիքները ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության ոլորտում, Ինտերպոլի հնարավորություններն ու գործիքակազմը և այլ հարցեր։ Հանդիպումներին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ներկայացուցիչ։

 

Եվրոպական ոստիկանական քոլեջ` CEPOL

 

 

Մարտի 22-ին կայացել է ԵՄ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վերապատրաստում և գործառնական համագործակցություն ծրագրի տարածաշրջանային 3-րդ բաղադրիչի տարածաշրջանային գնահատման զեկույցի նպատակի և կառուցվածքի վերաբերյալ առցանց քննարկում, որին մասնակցել է կապի ազգային մարմնի ներկայացուցիչը /ՀՀ ոստիկանության կրթահամալիրից/ ։

Ապրիլի 6-ին Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (ՍԻՊՈԼ) Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վերապատրաստում և գործառնական համագործակցություն (ԹՈՓՔՈՓ) ծրագրի շրջանակներում անցկացվել է Թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի քննությունը» (Drug trafficking investigations) թեմայով առցանց վեբինարը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Ապրիլի 12-ին ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում CEPOL TOPCOP ծրագրի ղեկավար պարոն Դեն Միհայի Քրիստեանի հետ։ Հանդիպման ընթացքում ծրագրի ղեկավարի կողմից ներկայացվել են ծրագրի տարբեր փուլերն իրենց առանձնահատկություններով։ Վերջինս նաև հետաքրքրված էր հայկական կողմի համար առաջնային համարվող թեմաներով։ Որպես առաջնահերթություն CEPOL-ի ներկայացուցչին ներկայացվեցին կոռուպցիայի, փողերի լվացման, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտները, ինչպես նաև ոստիկանական համակարգում կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների կարողությունների զարգացումը։

Ապրիլի 11-ից 15-ը Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (ՍԻՊՈԼ) Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վերապատրաստում և գործառնական համագործակցություն (ԹՈՓՔՈՓ) ծրագրի շրջանակներում Երևանում անցկացվել է «Combatting money laundering. Tracing, freezing, seizure, management and confiscation of criminal assets» («Փողերի լվացման դեմ պայքար, ապօրինի գույքի հայտնաբերում, սառեցում, առգրավում, բռնագրավում») թեմայով ազգային դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 5 ծառայողներ։

Ապրիլի 12-ից 29-ը Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (ՍԻՊՈԼ) Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վերապատրաստում և գործառնական համագործակցություն (ԹՈՓՔՈՓ) ծրագրի շրջանակներում անցկացվել է «Thieves-in-law-style organised criminal groups and activities in the EU Member States» («Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումները և գործունեությունը ԵՄ անդամ պետություններում») թեմայով առցանց դասընթացը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 2 ծառայողներ։

Մայիսի 16-ից 20-ը Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում TOPCOP ծրագրի շրջանակներում անցկացվել է «Կիբեռ հարձակումներ. Առցանց մասնագիտացված քրեական ծառայություններ» թեմայով միջտարածաշրջանային դասընթացը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման 5 ծառայողներ։

Մայիսի 18-ից 19-ը Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (ՍԻՊՈԼ) Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վերապատրաստում և գործառնական համագործակցություն (ԹՈՓՔՈՓ) տարածաշրջանային ծրագրի աշխատակազմի և Եվրոպոլի վերլուծաբանների կողմից վերլուծության գծով պատասխանատուների համար անցկացվել է առցանց սեմինար, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ներկայացուցիչը։

Միավորված Ազգերի Կազմակերպություն

 

 

Հաշվետու ժամանակահատվածում խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի այլ դեպքերը կանխելու, բացահայտելու նպատակով կատարված աշխատանքների մասին հանրությանը իրազեկելու նպատակով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ և ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողների ներգրավմամբ մշակվել և շրջանառության մեջ են դրվել տեղեկատվական տեսաերիզ և բուկլետներ: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աշխատակիցները՝ միջազգային այլ կազմակերպությունների հետ համատեղ ներգրավվել են նաև ՀՀ ոստիկանությունում նոր Պարեկային ծառայության ներդրման աշխատանքներում։

Հունվարի 25-ին ՀՀ կառավարության, դիվանագիտական համայնքի, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ–ների ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկեց «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։

Ծրագիրն իր գործողության ընթացքում աջակցելու է Հայաստանի կառավարության արդյունավետ և հաշվետու հաստատություններ կառուցելու բարեփոխումների օրակարգին՝ հիմնված լավ կառավարման և իրավունքի գերակայության սկզբունքների վրա: 

Ծրագրի շրջանակներում հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպվել են մի շարք հանդիպումներ ՄԱԶԾ փորձագետների և ՀՀ ոստիկանության շահագրգիռ ծառայությունների ներկայացուցիչների միջև:

 

Հունվարի 19-ին ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունում անցկացվել է հանդիպում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հասարակական կարգի ապահովման համար ՄԱԿ գրասենյակի հետ արդյունավետ համագործակցության վերաբերյալ հարցեր։

Փետրվարի 10-ին ՀՀ ոստիկանության շտաբում և կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունում տեղի են ունեցել հանդիպումներ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների և ՄԱԿ-ի ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի աշխատակիցների միջև։

Հանդիպման ընթացքում կենտրոնի աշխատակիցները ներկայացրել են Վերափոխելով Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ տվյալների, մարդկանց և ճանապարհային քաղաքականությունների միավորմամբ ծրագիրն, իսկ շտաբի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց ստորաբաժանումների գործառույթները։ Հանդիպման ընթացքում կողմերը հարց ու պատասխանի միջոցով փորձեցին մոտավոր պատկերացում կազմել սպասվող թվայնացման գործընթացի շրջանակներում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ։

Փետրվարի 16-ին տրվել է «Միգրացիայի կառավարման կարողությունների հզորացում՝ ի աջակցություն կառավարության CEPA-ին համահունչ բարեփոխումների օրակարգի» ծրագրի մեկնարկը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալը։

Փետրվարի 24-ին ՀՀ ոստիկանության շտաբում անցկացվել է հանդիպում ՄԱԶԾ «Հայաստանում ընտրությունների տեղեկատվական տեխնոլոգիաները և կիբերանվտանգությունը» գնահատողական առաքելության ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են ՀՀ-ում ընտրողների պետական ռեգիստրում քաղաքացիների գրանցման կարգը, առկա խնդիրները, իրավական դաշտը, էլեկտրոնային գրանցմանը վերաբերող հարցերը, էլեկտրոնային գրանցամատյանների սերվերային անվտանգությունը, կիբեր հանցագործությունների դեպքերը, ինչպես նաև ընտրական գործընթացի կատարելագործման ուղղությամբ էլեկտրոնային համակարգերի տեսլականը։

Մարտի 10-ին տեղի է ունեցել «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության և ՄՄԿ գործընկերությամբ իրականացվող «Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց բացահայտումը» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքային խմբի հանդիպումը, որին մասնակցել է նաև ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը։  

Մարտի 14-ից 18-ն անցկացվել է ՄԱԿ-ի Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանը՝ առցանց եղանակով, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։ Նստաշրջանին քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում միջազգային համագործակցության սերտացմանն ուղղված հարցեր։

Մայիսի 4-ից 7-ը ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի և Համաշխարհային մաքսային կազմակերպության Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի շրջանակներում Վրաստանի Թբիլիսի քաղաքում անցկացվել է հանդիպում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Մայիսի 5-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ ՓՀԳ իրավաբանական բաժնի ղեկավարի հետ։ Քննարկվել են «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագծի և «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններին առնչվող հարցեր։

Մայիսի 6-ին Երևանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից «Ապագան այսօր, կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակներում անցկացվել է աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 3 ծառայողներ։

Մայիսի 25-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Վերափոխելով Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ տվյալների, մարդկանց և ճանապարհային քաղաքականությունների միավորմամբ» ծրագրով վերջին թարմացումները ներկայացնելու և հետագա քայլերը քննարկելու նպատակով ՀՀ ոստիկանության շտաբում կայացել է հանդիպում, որին մասնակցել են շահագրգիռ ստորաբաժանումների ներկայացուցիչները։

Հունիսի 10-ին ՀՀ ոստիկանության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի միջև համագործակցությունը շարունակելու նպատակով հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունում կայացել է հանդիպում վարչության պետի տեղակալի և  ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչների միջև:

Հունիսի 28-ին Վերափոխելով Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ տվյալների, մարդկանց և ճանապարհային քաղաքականությունների միավորմամբ ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության շտաբում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների, ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի, Լոկատոր ընկերության և ՄԱԶԾ կայուն զարգացման նպատակների նորարարական կենտրոնի ներկայացուցիչների միջև։

ՀԱՊԿ

 

 

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ծառայողները հեռավար և առկա եղանակով մասնակցել են մի շարք միջոցառումների, մասնավորապես՝

Մարտի 10-ին անցկացվել է ՀԱՊԿ «Նելեգալ» տարածաշրջանային գործողության միջազգային շտաբի առցանց նիստը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության երկու ծառայողներ։

Մարտի 10-ին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում անցկացվել է «ՊՐՈՔՍԻ» գործողության ազգային շտաբերի ղեկավարների և նրանց ներկայացուցիչների խորհրդակցությունը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 խառայող։

Մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են «Կոբալտ-2022» համատեղ զորավարժության կազմակերպելու և անցկացնելու հարցերով առաջին շտաբային բանակցությունները, որոնց մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Մարտի 17-ից 18-ը ՌԴ Մոսկվա քաղաքում անցկացվել է «ՊՐՈՔՍԻ» գործողության ազգային շտաբերի ղեկավարների և նրանց ներկայացուցիչների հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Մայիսի 18-ից 20-ը Ղրղզական Հանրապետության Բիշքեկ քաղաքում անցկացվել են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների մասնակցությամբ «Կոբալտ-2022» համատեղ զորավարժության կազմակերպման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններ, որոնց մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Մարտի 28-ից 30-ը Ղրղզական Հանրապետության Օշ քաղաքում անցկացվել է ՀԱՊԿ «Կանալ» միջազգային հակաթմանյութային գործողության նախապատրաստմանն ուղղված աշխատքանքային խմբի նիստը, որին մասնակցել թ ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Մայիսի 17-ից 18-ը Ղրղզական Հանրապետության Օշ քաղաքում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվել է «Канал-Второй барьер» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողությունը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Հունիսի 15-ից 17-ը Ղազախստանի Ալմաթա քաղաքում անցկացվել է ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2022» համատեղ զորավարժության կազմակերպելու և անցկացնելու հարցերով երկրորդ շտաբային բանակցությունները, որոնց մասնակցել է ՀՀ ոստիկանության մեկ ծառայող։

Հունիսի 28-ից 30-ը Ղրղզական Հանրապետության Բիշքեկ քաղաքում անցկացվել են ՀԱՊԿ «Անսասան եղբայրություն-2022» համատեղ զորավարժության կազմակերպելու և անցկացնելու հարցերով երկրորդ շտաբային բանակցությունները, որոնց մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

ԱՊՀ

 

 

Հունվարի 27-ին անցկացվել է առցանց հանդիպում «ԱՊՀ մասնակից պետությունների՝ ծառայությունների ազատ առևտրի, ստեղծման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ Տաջիկստանի Հանրապետության դիտողությունների վերաբերյալ, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Փետրվարի 11-ին անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների աշխատանքի ընդհանուր շուկայի աստիճանական ձևավորման և աշխատուժի միգրացիայի կարգավորման հայեցակարգի համաձայնեցման նպատակով աշխատանքային խմբի առցանց հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 2 ծառայող։

Փետրվարի 17-ին անցկացվել է «Անօրինական միգրացիայի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» Համաձայնագրի մասնակից պետությունների համատեղ հանձնաժողովի առցանց նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 2 ծառայող։

Ապրիլի 28-ին կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների աշխատանքի ընդհանուր շուկայի աստիճանական ձևավորման և աշխատուժի միգրացիայի կարգավորման հայեցակարգի համաձայնեցման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների աշխատանքի ընդհանուր շուկայի աստիճանական ձևավորման և աշխատուժի միգրացիայի կարգավորման հայեցակարգը։

Մայիսի 5-ին անցկացվել է «2023-2025թթ. համար ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության» ծրագրի նախագծի առցանց քննարկումը, որին մասնակցել ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Մայիսի 16-ից 18-ը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաքում անցկացվել է ԱՊՀ ՆԳՆ-ոստիկանության մարմինների քաղաքային ստորաբաժանումների ղեկավարության խորհրդակցությունը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի գլխավորած պատվիրակությունը:

Մայիսի 25-ից 26-ը Տաջիկստանի Դուշանբե քաղաքում անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հովանու ներքո 2-րդ Միջազգային գիտագործնական համաժողովը՝ «Անդրազգային հանցավոր մարտահրավերները և ռիսկերը Համագործակցության տարածքում՝ պայմանավորված Աֆղանստանում ստեղծված իրավիճակով. միտումներ, կանխատեսումներ, չեզոքացման ուղիներ» թեմայով, որին մասնակցել է ՀՀ ոստիկանությունից ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի կոորդինացիոն Բյուրոյի տնօրենի տեղակալ Ա.Սարգսյանը։

Հունիսի 9-ից 10-ն առցանց ձևաչափով անցկացվել է «Անվտանգության և իրավակարգի ոլորտում հանցավորության դեմ պայքարի հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների և ԱՊՀ մարմինների միջև տեղեկատվական փոխանակման զարգացման» հայեցակարգի նախագծի քննարկումը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 3 ծառայողներ։

Հունիսի 15-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կայացել է «Թրաֆիքինգի դեմ պայքարի քրեաիրավական, քրեաբանական և քրեադատավարական խնդիրները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովը:  Առցանց համաժողովին մասնակցում էր ՀՀ, ՌԴ, Ուզբեկստանի Հանրապետության ՆԳՆ ուսումնական և գիտահետազոտական 12 հաստատության 17 ներկայացուցիչ:

 

ԵԱՏՄ

 

 

Հունվարի 10-ին անցկացվել է ԵԱՏՄ-ում թվային վերափոխման հարցերով աշխատանքային խմբի առցանց նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Հունվարի 15-ին անցկացվել է ԵԱՏՄ վարորդների մասնագիտական պատրաստման մոտեցումների և սկզբունքների ներդաշնակեման վերաբերյալ առցանց հանդիպում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 2 ծառայող։

Փետրվարի 4-ին անցկացվել է «Եվրասիական տնտեսական խորհրդի Հանձնաժողովի և Մաքսային միության հանձնաժողովի մի քանի որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ առցանց քննարկում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Փետրվարի 10-ին անցկացվել է ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի հետ կապված հարցերի քննարկման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առցանց հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 2 ծառայող։

Ապրիլի 20-ին անցկացվել է ԵԱՏՄ աշխատաշուկայի վերլուծության համար հիմք հանդիսացող վիճակագրական ցուցանիշների համակարգի զարգացման հարցի վերաբերյալ առցանց հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Ապրիլի 28-ին առցանց ձևաչափով անցկացվել է ԵԱՏՄ Աշխատանքի ընդհանուր շուկայի ձևավորում և աշխատուժի միգրացիայի կարգավորում թեմայով հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

 

Միգրացիայի միջազգային կազմակերպություն

 

 

Մարտի 21-ից 24-ը Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության գրասենյակի կողմից «Սահմանների կառավարման կարողությունների զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակում անցկացվել է դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Մարտի 24-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում կայացել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումների գործընթացում Միգրացիայի միջազգային կազմակերպության աջակցությանն առնչվող հարցերի քննարկում, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 2 ծառայողներ։

Ապրիլի 19-ին Երևանում ՏԿԵՆ միգրացիոն ծառայության և Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից անցկացվել է «Աշխատանքային հիմքով կացության կարգավիճակի տրամադրման միասնական էլեկտրոնային հարթակի ներկայացման» միջոցառումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Հունիսի 27-ից 30-ը Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) կողմից կամավոր վերադարձի և վերաինտեգրման աջակցության համակարգի ներդրման և իրականացման ոլորտում առաջավոր փորձի փոխանակման նպատակով իրականացվել է փոխանակման այց դեպի Նիդերլանդների Թագավորություն, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

 

Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ ոստիկանության ծառայողները առկա և հեռավար եղանակով մասնակցել են օտարերկրյա պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանությունների) և միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված մի շարք միջոցառումների՝ հանդիպումների, վերապատրաստման դասընթացների, սեմինարների և ուսումնական այցերի ևս: