Նախապատմություն
«Հանրապետության ոստիկանության (նախկինում ՆԳՆ) Վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է ՀԽՍՀ ՆԳ նախարարի 1970 թվականի օգոստոսի 31-ի թիվ 424 հրամանով, ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարության 1969թ. դեկտերմների 30-ի թիվ 449 հրամանով հաստատված կանոնադրության 3-րդ կետի համաձայն, իսկ 4-րդ կետի պահանջներին համապատասխան խորհրդի անդամ են ընդունվել 53 վետերան: Վետերանների խորհրդի առաջին նախագահ է ընտրվել 3-րդ դասի կոմիսար (համապատասխանում է ոստիկանության գեներալ-մայոր կոչմանը) Գուրգեն Ակոպովը, որը նախագահել է մինչև 1981 թվականը:
Հետագա տարիներին Վետերանների խորհրդի նախագահ են ընտրվել Էդվարդ Մնացականյանը (1981-2000 թթ.), Ռոմա Բաբայանը (2000-2008թթ.), Դավիթ Մովսեսյանը (2009-2011 թթ.): 2012 թ. փետրվարից Վետերանների խորհրդի նախագահն է Գրիգորի Աբովյանը:
1987 թ. մարտի 5-ին տեղի ունեցած Զինված ուժերի, Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի և իրավապահ մարմինների հանրապետական վետերանների հիմնադիր համագումարի ժամանակ խորհրդի կազմում ընդգրկվել է նաև ՆԳՆ Վետերանների խորհուդը: ՀՀ ոստիկանության Վետերանների խորհրդի 2003 թ. օգոստոսի 6-ի հերթական համաժողովի ժամանակ որոշում է կայացվել դուրս գալ հանրապետական խորհրդի կազմից և ստեղծել Հանրապետության ոստիկանության վետերանների ինքնուրույն կազմակերպություն: Համաժողովի ընթացքում հաստատվել է նաև կազմակերպության կանոնադրությունը, իսկ նույն թվականի օգոստոսի 29-ին հասարակական կազմակերպությունը ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցվել է որպես «Հանրապետության ոստիկանության Վետերանների խորհուրդ»:
2007 թվականից Վետերանների խորհրդի նախագահը միաժամանակ հանդիսանում է նաև ՀՀ ոստիկանության պետի խորհրդականը:
2008 թ. Վետերանների խորհրդի միջնորդությամբ Երևան քաղաքի և հանրապետության մարզերի ոստիկանության վարչություններում ստեղծվեցին վարչության պետերի օգնականների պաշտոններ, որոնք օժտվեցին տարածքային վետերանական կազմակերպությունների ղեկավարների պարտականություններով, իսկ 2015 թ. փետրվարից ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օգնականի պաշտոն ստացան նաև քաղաքի ութ վարչական շրջանների Վետերանների խորհրդի նախագահները:
Որոշվեցին նաև Վետերանների խորհրդի և ոստիկանության ստորաբաժանումների միջև համագործակցության կարգը, երիտասարդ աշխատակիցների և ոստիկանության ուսումնական հաստատությունների ունկնդիրների շրջանում բարոյահոգեբանական և հայրենասիրական դաստիարակության ձևերը, ինչպես նաև ոստիկանության հեղինակության և բնակչության շրջանում վստահության բարձրացմանը, իրավախախումների կանխարգելմանը և հանցավորության դեմ պայքարին ուղղված միջոցառումները:
2020 թ. հուլիսի դրությամբ կազմակերպությունում հաշվառված է մոտ 8500 մարդ, այդ թվում`
- նախկին աշխատակիցների ընտանիքների անդամներ, որոնք կորցրել են կերակրողին,
- Հայրենական մեծ պատերազմի, մարտական գործողությունների՝ այդ թվում նաև այլ երկրներում, ինչպես նաև պետական սահմանների պաշտպանության մասնակիցներ,
- վետերան-հաշմանդամներ և այլն,
Կազմակերպության բարձրագույն ղեկավար մարմինը համարվում է համաժողովը, որը գումարվում է հինգ տարին մեկ:
Համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում կազմակերպության գործունեությունը կազմակերպում է համաժողովի կողմից հինգ տարի ժամկետով ընտրված Վետերանների խորհրդի նախագահը:
Կազմակերպության հիմնական նպատակներն են`
1. Մասնակցությունը թոշակառուների, վետերանների, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև ոստիկանության զոհված աշխատակիցների ընտանիքների առջև ծառացած ֆինանսական և սոցիալական խնդիրների լուծմանը, բժշկական և բարոյական աջակցությանը, իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը:
2. Օժանդակություն ոստիկանությանը՝ իրավակարգի պահպանման խնդիրների լուծման և երիտասարդ աշխատակիցների դաստիարակության ուղղությամբ:
3. Կազմակերպության առջև դրված խնդիրների կատարման ուղղությամբ սերտ համագործակցությունը ՀՀ ոստիկանության աշխատակիցների, պատերազմի և աշխատանքի վետերանական կազմակերպությունների, պետական և հասարակական այլ կառույցների հետ:
Կազմակերպությունն իր առջև դրված խնդիրներին հասնելու համար, կանոնադրության և գործող օրենսդրության համաձայն, լուծում է հետևյալ խնդիրները.
1. Նպաստում է հասարակական կարգի պահպանմանը և ոստիկանության վետերանների ակտիվ մասնակցությանը հանցավորության դեմ պայքարում:
2. Օգտագործելով զանգվածային լրատվական միջոցները` հոգ է տանում ոստիկանության հեղինակության բարձրացման ուղղությամբ և նրա գործունեության շուրջ հասարակական դրական կարծիքի ձևավորմանը:
3. Ոստիկանության աշխատակիցների դաստիարակության նպատակով մասնակցում է օրինականության և ծառայողական էթիկայի նորմերի անվերապահ պահպանմանն ուղղված գործընթացին:
4. Մասնակցում է երիտասարդության ռազմահայրենասիրական, բարոյական, կուլտուրական դաստիարակչական աշխատանքներին, վետերանների առողջության ամրապնդման, ինչպես նաև զոհված ոստիկանների հիշատակի հավերժացմանն ուղղված միջոցառումներին:
5. Մասնակցում է գործող օրենսդրության կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների մշակմանը:
6. Միջոցներ է ձեռնարկում կազմակերպության անդամների և նրանց ընտանիքների սոցիալական և իրավական խնդիրների լուծման, ինչպես նաև պետության օրենսդիր և գործադիր մարմիններում նրանց ներկայացնելու ուղղությամբ:
7. Մասնակցում է կարիքավոր վետերանների, հաշմանդամների, թոշակառուների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված աշխատակիցների ընտանիքների անդամների բարեգործական, սոցիալական աջակցության, բնակարանային պայմանների, բժշկական, նյութական և այլնի բարելավման աշխատանքների կյանքի կոչմանը:
8. Կազմակերպում է կապերը հասարակական այլ կազմակերպությւոնների հետ, ուսումնասիրում նրանց փորձը:
9. Հասարակությանը պարբերաբար տեղեկացնում է իր գործունեության մասին և կանոնադրական խնդիրների համաձայն` իրականացնում այլ գործունեություն, որը չի հակասում գործող օրենսդրությանը:
Կազմակերպությունը տեղակայված է ՀՀ ոստիկանության շենքում՝ ք. Երևան, 0025, Նալբանդյան 130: