ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ ոստիկանության պետն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին

09.11.2022 18:00 Պաշտոնական

Նոյեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։
Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը բարձր գնահատեց երկու պետությունների միջև ձևավորված հարաբերությունները, այդ թվում՝ երկկողմ համագործակցությունն իրավապահ բնագավառում, որն իրականացվում է 2012 թվականին Իրանի Ներքին գործերի նախարարության և Հայաստանի ոստիկանության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա։
ՀՀ ոստիկանության պետը խոսեց թմրամիջոցների դեմ պայքարի մասին։ Նա նշեց, որ քրեական ոստիկանության կազմում ստեղծվել է նոր վարչություն, որի հիմնական գործառույթն է սոցցանցերում և տեղեկատվական հարթակներում ապօրինի թմրաշրջանառության դեպքերի կանխումն ու բացահայտումը։ Վահե Ղազարյանը շեշտեց, որ այդ վարչության կազմում նախատեսվում է ստեղծել բաժանմունք, որը տեղակայված կլինի Մեղրիում։
ՀՀ ոստիկանության պետը խոսեց նաև համագործակցության մյուս ուղղությունների մասին և մատնանշեց այս տարի Հայաստանում կատարված առանձնապես ծանր հանցագործության բացահայտման մասին, որի աշխատանքներին ներգրավված են եղել նաև Իրանի իրավապահներն ու դեսպանատունը։
Աբբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ կարևորեց հայ-իրանական սերտ հարաբերությունները, որոնք օրըստօրե ավելի են զարգանում։ Ողջունելով Մեղրիում ոստիկանական մասնագիտական ստորաբաժանման ստեղծումը՝ նա նշեց, որ այն առավել կբարձրացնի անվտանգության մակարդակը սահմանին, և այդ ուղղությամբ հայտնեց իրանական կողմի աջակցությունը։ Դեսպանը խոսեց նաև թմրամիջոցների և ահաբեկչության դեմ Իրանի իրավապահների պայքարի մասին։
Հանդիպմանը քննարկվեցին նաև համագործակցության ընդլայնման ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։