ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատկան մարմինների, նաև՝ ոստիկանության հոգածությամբ 1-ամյա փոքրիկը վերադարձավ հայրենիք

Ապրիլի 28-ին Արտաքին գործերի նախարարությունը ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությանն էր փոխանցել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցրերի մշտական հանձնաժողովի գրությունը։ Հայտնվում էր, որ ազգությամբ հայ մանկահասակ մի տղա, որի մայրը մահացել է այս տարվա հունվարին, հայրն էլ կալանավայրում է, գտնվում է Ռուսաստանի Տուլայի մարզի մանկատներից մեկում։ Գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության ու փոքրիկի վերադարձի գործընթացում ներգրավված կառույցների համագործակցությամբ ձեռք բերվեցին անհրաժեշտ փաստաթղթեր։ Արդյունավետ էր համագործակցությունը նաև Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառույցների ու Ռուսաստանում Հայաստանի դեսպանության հետ։ Հուլիսի 10-ին Մոսկվա-Երևան չվերթով ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողը 1-ամյա տղային բերեց հայրենիք։ Փոքրիկը հանձնվել է տատի խնամակալությանը։