20.000 դոլար և 15.000 դոլարի ոսկյա զարդեր պարունակող չհրկիզվող պահարանի գողությունը բացահայտվեց
Սեպտեմբերի 9-ին, ժամը 02.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մ. Խորենացու փողոցի 49 շենքի մի բնակարանից գողացել են չհրկիզվող պահարանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ սեպտեմբերի 8-ի ժամը 22.30-ից մինչև սեպտեմբերի 9-ի ժամը 02.15-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելու միջոցով բնակարանի ննջասենյակի պահարանից գողացել են չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել է 20.000 ԱՄՆ դոլար և 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1978 թ ծնված Արմեն Ա-ն, որին օժանդակել էր նրա բարեկամ Վլադիմիր Վ.-ն:
Արմեն Ա.-ն ձերբակալված է:
Վլադիմիր Վ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: