Պետությանը պատճառվել է 934 միլիոն 90 հազար դրամի վնաս. ոստիկանության բացահայտումը
ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2010 թվականին Կառավարության պետական գույքի կառավարման վարչության ղեկավարը և իրավասու այլ պաշտոնատար անձինք, «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ՓԲ ընկերությունը մեկ այլ ընկերությանն օտարելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, հանձնարարել են իրենց ենթակայությամբ գործող «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալությանը» կատարել ընկերության անշարժ և շարժական գույքերի գնահատում, որի շրջանակներում գործակալության իրավասու պաշտոնատար անձինք, խմբային շահերից ելնելով, նույնպես չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, առանց Երևան, Գյումրի, Արտաշատ, Վանաձոր և Արմավիր քաղաքներում գտնվող՝ «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ընկերության կողմից զբաղեցրած անշարժ և շարժական գույքերի հասցեներ այցելելու և առանց փաստացի հետազոտություններ կատարելու, միայն ընկերության կողմից տրամադրված ելակետային տվյալների հիման վրա, գործակալության փոխտնօրենի բանավոր ցուցումներով կեղծ տեղեկություններ են ներառել գնահատվող գույքերի մաշվածության և դրանց արժեքների վերաբերյալ, այնուհետև իրենց ստորագրություններով հաստատել են ընդամենը մեկ օրվա ընթացքում կազմված՝ տվյալ գույքերի շուկայական արժեքների գնահատման՝ բովանդակությամբ կեղծ հաշվետվությունները, ինչպես և եզրափակիչ ու այլ ակտերը, որոնք 2010 թվականի ապրիլի 21-ին գործակալության տնօրենի փոխարեն հաստատվել են նույն փոխտնօրենի կողմից։
Արդյունքում՝ «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ընկերությանը պատկանող, վերարտադրման արժեք կազմող՝ ընդհանուր 1 միլիարդ 895 միլիոն 960 հազար դրամ արժողությամբ անշարժ և շարժական գույքերի արժեքներն արհեստականորեն նվազեցվել են 934 միլիոն 90 հազար դրամի չափով և գնահատվել են ընդամենը 961 միլիոն 870 հազար դրամ շուկայական արժեքով, իսկ 2010 թվականի հուլիսին, Կառավարության որոշմամբ, դրանք 50 տոկոս նվազեցված՝ շուրջ 480 միլիոն 935 հազար դրամ արժեքով, ուղղակի վաճառքի եղանակով օտարվել են, ինչի հետևանքով էլ, ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 934 միլիոն 90 հազար դրամի նյութական վնաս։
Միաժամանակ, նյութերի նախապատրաստման փուլում ընկերության կողմից, որպես վնասի վերականգնում, համապատասխան դեպոզիտ հաշվեհամար է մուտքագրվել 250 միլիոն դրամ։ Դեպքի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: