ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Զգուշացեք. երեխաներ են». անվտանգության միամսյակ

«Զգուշացեք. երեխաներ են». անվտանգության միամսյակ
Օգոստոսի 30-ին ճանապարհային ոստիկանության վարչական շենքում տեղի ունեցավ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի հանդիպումը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Ներկայացնելով նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հայտարարված անվտանգ երթևեկության միամսյակի նախապատրաստական աշխատանքները և այդ ուղղությամբ ոստիկանության կողմից իրականացվելիք ձեռնարկումները, Նորիկ Սարգսյանը նշեց, որ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով, ինչպես և նախորդ տարի, այս ուսումնական տարվա սկզբին էլ հանրապետության ողջ տարածքում ուսումնական հաստատությունների շրջակայքում հասարակական կարգի պահպանման ու երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումները կտևեն մեկ ամիս:
Անվտանգության միամսյակի ընթացքում դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների մոտ հերթափոխային պարեկում կիրականացնեն ոստիկանական կարգախմբերը, որոնց կազմում ներգրավվելու են ճանապարհային ոստիկանության, համայնքային ոստիկանության, պարեկապահակետային հատուկ գումարտակի ծառայողներ, անչափահասների գործերով տեսուչներ:
Դպրոցների շրջակայքում կպարեկեն ոստիկանական կայուն վերակարգեր, ինչը թույլ կտա վերահսկել երթևեկությունը, անձամբ ճանաչել երեխաներին, նրանց ուղեկցող մեծահասակներին, ուսուցիչներին: Այդ դեպքում կբացառվեն երեխաների հետ անծանոթների շփման ռիսկերը՝ երթևեկության անվտանգության պահպանման միջոցառումն ընդլայնելով ընդհանրապես երեխաների անվտանգության ապահովման գործընթացի:
Ոստիկանության պետի ցուցումի համաձայն՝ վթարային իրավիճակներից խուսափելու նպատակով, մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների մոտ թարմացվում են ճանապարհային գծանշումներն ու կապահովվի լուսակիրների անխափան աշխատանքը, իսկ գետնուղիներ չունեցող և գծանշումներով ու լուսակիրներով չկարգավորվող փողոցներում երեխաների անցումը կկատարվի խմբերով՝ ոստիկանական վերակարգերի ուղեկցությամբ:
Ոստիկանությունը հուսով է, որ երեխաների անվտանգության ապահովման գործընթացին անմասն չեն մնա նաև մեծահասակները՝ ծնողները, ուսուցիչները, պարզապես քաղաքացիները:
Ոստիկանության պետի որոշումն ուղղված է ոչ միայն բուն միամսյակի միջոցառումներին, այլև ոստիկան-ծնող-աշակերտ փոխհարաբերությունների ամրապնդմանը, երեխաների և մեծահասակների իրավագիտակցության բարձրացմանը:
Նորիկ Սարգսյանը հավելեց, որ միամսյակի շրջանակներում և ողջ ուսումնական տարվա ընթացքում անչափահասնրի գործերով տեսուչներն ու ճանապարհային ոստիկանության ծառայողները հանդիպումներ կունենան դպրոցների տնօրենների և մանկավարժների հետ, երթևեկության կանոնների վերաբերյալ դասընթացներ կկազմակերպեն դպրոցականների համար:
Վիճակագրական տվյալների համեմատական վերլուծությունից ու լրագրողների հարցերին պատասխանելուց հետո Նորիկ Սարգսյանը ծնողներին, մանկավարժներին, վարորդներին, աշակերտներին կրկին կոչ արեց լինել զգոն և ուշադիր, խստորեն պահպանել երթևեկության կանոնները, դպրոցամերձ տարածքներում ցուցաբերել առավել պատասխանատվություն, համատեղ ջանքերով ապահովել երթևեկության անվտանգությունը: