«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում
Բազումի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 27-ին թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Ջրաշեն գյուղի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ ձեռքի պոլիէթիլենային տոպրակից հայտնաբերվել է 253,3 գրամ կշռով չորացված, կանաչավուն կանեփանման զանգված:
Նա հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրանյութ է, ինքը հավաքել է նույն օրը Վանաձորի Բանակի փողոցի նախկին հիվանդանոցի տարածքից՝ հետագայում ծխելու համար:
Նույն օրը Գուգարքի ոստիկանները Դեբեդ գյուղի մի տան մոտից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 50-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ առկա էր կանեփանման բույսի կանաչավուն, մանրացված զանգված՝ 5,48 գրամ կշռով:
Նա հայտնել է, որ կանեփ տեսակի թմրամիջոցն իրենն է, քաղել է մոտ 15 օր առաջ իրենց տան մոտակայքում վայրաճ բույսերից՝ իր համար:
Նույն օրը ոստիկանության Աշոցքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 42-ամյա մի գյումրեցի Վարդաղբյուր գյուղի իր տան բակում ապօրինի աճեցնում և օգտագործում է թմրամիջոց:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Շիրակի մարզային վարչությունների և Աշոցքի բաժնի ծառայողները հիշյալ տան բակում համատեղ կատարած զննությամբ հայտնաբերել են ավելի քան 31 գրամ քաշով կանեփանման բույսի 10 ցողուն:
Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփ է, այն աճեցրել է իր համար:
Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ, նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: