Նոյեմբերի 9-ից 18-ն ընկած ժամանակահատվածում «Թեժ գծի» 010-37-02-36 հեռախոսահամարին ստացված զանգերին տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ, կատարվել են շտկումներ
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասնակիցների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով ոստիկանությունում ստեղծված «Թեժ գիծ» ծառայության 010-37-02-36 հեռախոսահամարին նոյեմբերի 9-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 15 զանգ:
- Մի քաղաքացի տեղեկացրել է, որ հայրը (ծնված 06.06.1935 թ.) մահացել է 2009 թ., սակայն մինչ օրս հաշվառված է Երևան քաղաքի Գյուլիեքեխվյան 37 շենքի բնակարաններից մեկի հասցեում: Քաղաքացուն առաջարկվել է անձնագրային ծառայություն ներկայացնել հիմնավորող փաստաթղթեր: Վերջինս ներկայացրել է դիմում՝ կցելով մահվան վկայականը: 17.11.2015 թ. մահացածը հանվել է բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից: Վերջնական ցուցակները հրապարակելիս նրա տվյալներն առկա չեն լինի ցուցակում:
- Մեկ այլ քաղաքացի տեղեկացրել է, որ Երևան քաղաքի Վարդանանց 15 շենքի բնակարաններից մեկի սեփականատերն է, սակայն քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակները ստուգելիս պարզել է, որ իր հասցեում հաշվառված է Մ. Ք. տվյալներով անձ, որին չի ճանաչում և իր կողմից չի տրվել համաձայնություն հաշվառվելու համար: Պարզվել է, որ Մ. Ք.-ն բնակչության պետական ռեգիստրում Երևան քաղաքի Վարդանանց 15 շենքի մի բնակարանի փոխարեն, տեխնիկական սխալի պատճառով, հաշվառվել է խնդրո առարկա հասցեով: 17.11.2015 թ. բազայում շտկվել է սխալը, ինչի մասին տեղեկացվել է քաղաքացուն:
- Երևանաբնակ մի քաղաքացուհի տեղեկացրել է, որ իր անձնագրում անձնագրային ծառայության կողմից հաշվառման վերաբերյալ նշում է կատարվել ք. Երևան, Անդրանիկի փողոցի տներից մեկի հասցեով, սակայն քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակները ստուգելիս պարզել է, որ մինչ այժմ հաշվառված է նախկին հասցեով: Ստուգմամբ պարզվել է, որ 09.09.2011 թ. նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելիս բնակչության պետական ռեգիստրի բազայում անուշադրության պատճառով փոփոխություն չի կատարվել: Սխալը շտկվել է, ինչի մասին դիմումատուն տեղեկացվել է:
«Թեժ գծով» ստացված մյուս 12 ահազանգերը եղել են տեղեկատվական բնույթի, որոնց կապակցությամբ քաղաքացիներին տրվել են համապատասխան պարզաբանումներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ