Ամանորի տոնական համերգ ոստիկանությունում
Դեկտեմբերի 27-ին ոստիկանությունում տեղի ունեցավ Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին նվիրված համերգ։
Միջոցառմանը մասնակցում էին ոստիկանության կենտրոնական ապարատի, ոստիկանության զորքերի, Երևանի և մարզերի տարածքային ստորոբաժանումների ծառայողներ ու վետերաններ։
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամփոփելով ոստիկանության անցած տարվա աշխատանքը, նշեց, որ չնայած որոշ թերությունների ու բացթողումների, ոստիկանությունը վերահսկել է հանրապետության օպերատիվ իրավիճակը, պատշաճ ապահովել է հասարակական կարգն ու անվտանգությունը։
Արման Սարգսյանը շնորհավորեց բոլոր ծառայողներին ու վետերաններին, մարտական հերթապահություն իրականացնող սահմանապահ ոստիկաններին, մաղթեց հաջողություններ, բարի ու անփորձանք ծառայություն՝ հույս հայտնելով, որ եկող՝ 2020 թվականին էլ ոստիկանությունը պատվով կիարկանացնի իր առջև դրված խնդիրները։
Տոնական համերգին ելույթ ունեցան ոստիկանության զորքերի երգչախումբը, սիրված երգիչ-երգչուհիներ, «Նկարագիր» պարային համույթն ու պարային խմբեր։
Նույն օրը տոնական տրամադրություն էր նաև ոստիկանության կրթահամալիրում։ Ամանորի տոնական համերգն այստեղ կազմակերպել էին կրթահամալիրի սովորողներն ու դասախոսները։
Հումորային բեմականացումներ, սիրված աստղերի կատարումներ, երգ ու պար՝ ամեն ինչ կրթահամալիրում ծառայողներին, նրանց երեխաներին ու սովորողներին բարձր տրամադրություն երաշխավորելու համար։
Ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ Միսակ Մարկոսյանը շնորհավորեց ներկաներին Ամանորի ու Սուրբ ծննդի առթիվ, մաղթեց նորանոր ձեռքբերումներ գալիք տարում։
Միջոցառման ավարտին՝ Լապլանդիայից հյուր եկան սպասված հերոսները՝ Ձմեռ պապն ու Ձյունանուշը։ Նրանք փոքրիկների հետ շրջեցին կրթահամալիրում և հանձնեցին տոնական նվերներ։