ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
22.07.2015 19:44
Ընդունելություններ
Հուլիսի 22–ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ընդունեց ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի Քրեական արդարադատության տեղեկատվական ծառայության վերահսկող հատուկ գործակալ Չարլզ Փավելիթսի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Արամ Զաքարյանը բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության և ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի համագործակցությունը և հույս հայտնեց, որ գործընկերային հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել:
Իր հերթին պարոն Չարլզ Փավելիթսը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Նա հավաստիացրեց ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի՝ ՀՀ ոստիկանության հետ համագործակցության պատրաստակամության մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում ԴՆԹ ազգային պահոցի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները, նաև ՀՀ ոստիկանության և ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի միջև տեղեկատվության փոխանակման հնարավորության հարցը: Կազմակերպվեց մասնագիտական քննարկում` պատվիրակության կազմում ժամանած փորձագետների հետ:
Այցի շրջանակներում պատվիրակությունն այցելեց նաև Հայաստանի Հանրապետության փորձաքրեագիտական վարչություն, հանդիպում ունեցավ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լորիկ Սաֆարյանի հետ, ծանոթացավ աշխատանքային պայմաններին: Քննարկվեց ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի կողմից փորձաքրեագիտական վարչության ծառայողների համար դասընթացների կազմակերպման և վերապատրաստման հարցը: