«Մերսեդեսը» փախցրած ու վթարի ենթարկված տղամարդը հայտնաբերվել է․ ոստիկանության բացահայտումը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Նոյեմբերի լույս 15-ի գիշերը ոստիկանության Շենգավիթի բաժնում մեքենայի առևանգման վերաբերյալ հաղորդում ընդունվեց։ Մի տղամարդ, օգտվելով այն հանգամանքից, որ «Մերսեդեսի» վարորդը մի պահ իջել է մեքենայից, փախցրել էր այն։
Հաղորդումն ընդունելուն պես ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները սկսեցին օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել «Մերսեդեսը» փախցրած անձի ինքնությունը պարզելու, նրան ու մեքենան հայտնաբերելու ուղղությամբ։ Շուտով պարզվեց, որ Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում «Մերսեդեսը» վթարվել է։ Պարզվեց նաև այն փախցրած անձի ինքնությունը։ Երևանի բնակիչ 30-ամյա տղամարդը, որը վթարի ենթարկվելուց հետո հեռացել էր դեպքի վայրից, տարված բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացավ ոստիկանության Շենգավիթի բաժին ու խոստովանական բացատրություն տվեց։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: