Ամփոփ տեղեկատվություն ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2014 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին
14.01.2015 09:06
Տարի
2014 թ. ընթացքում ՀՀ ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները՝ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հանրապետությունում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգ ու կանոն։
Հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 787 դեպքով կամ 4,3%-ով (2013 թ.` 18333, 2014 թ.` 17546), ինչը հիմնականում պայմանավորված է գողության դեպքերի թվի նվազումով:
Դրա հետ մեկտեղ, նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (1412-1321), սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված (116-97), ավազակության (73-69), ՃԵԿ խախտելու (1050-847), այդ թվում` մահվան ելքով (196-181) և զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության (32-30) դեպքերով:
Միևնույն ժամանակ, հանցագործությունները հիմնականում աճել են սպանության (48-53), բնակարանային գողության (1323-1442), կողոպուտի (184-220), խարդախության (893-978) և յուրացման կամ վատնման (210-284) դեպքերով:
Ոստիկանության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում 79-ով կամ 18,2%-ով աճել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերումը (433-512): Առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացվել է 934 (792) միավոր հրազեն:
Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում, հանրապետությունում 4,4%-ով կամ 501-ով նվազել է նաև քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը (11446-10945)։
Որպես դրական միտում պետք է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում 18-ով կամ 3,6%-ով նվազել է խմբերի կողմից կատարված հանցագործությունների թիվը (494-476), ընդ որում դրանց թիվը 12-ով կամ 27,9%-ով նվազել է ինչպես «խառը» (43-31), այնպես էլ 6-ով կամ 1,5%-ով չափահասների (401-395) խմբերում: Նախորդ տարվա համեմատ, անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը նվազել է 29-ով (418-ից 389):
Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության մարմինների կողմից կատարված աշխատանքները, պետք է նշել, որ հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում 2,3%-ով նվազել է դրանց բացահայտման արդյունավետությունը (80,7%-ից 78,4%):
Միևնույն ժամանակ, 5,3%-ով բարելավվել են առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշները (80,8%-ից 86,1%):
Ըստ առանձին հանցատեսակների, 2013թ. համեմատությամբ, բացահայտման աշխատանքների արդյունավետության բարելավում է դիտվում մի շարք հիմնական հանցատեսակներով` սպանության (72,9%-ից 84,9%), ճանապարհային երթևեկության կանոնների խախտման (95,0%-ից 97,5%), այդ թվում մահվան ելքով (95,4%-ից 97,2%), զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության (84,4%-ից 96,7%), անձնական գույքի ավազակության (63,0%-ից 72,5%), կողոպուտի (50,0%-ից 54,1%), յուրացման կամ վատնման (97,3%-ից 98,0%), տրանսպորտային միջոց փախցնելու (74,5%-ից 96,1%) և կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու (6,7%-ից 9,8%) դեպքերով:
Միևնույն ժամանակ, բացահայտման աշխատանքների արդյունավետությունը նվազել է պետական գույքի՝ գողության (76,4%-ից 70,7%), խարդախության (100%-ից 94,7%), անձնական գույքի՝ գողության (52,1%-ից 47,8%) և խարդախության (95,9%-ից 91,6%) դեպքերով:
Հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվը աճել է 111-ով կամ 81,6%-ով (136-247):
Անդրադառնալով լատենտային հանցատեսակներին հարկ է նշել, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում հայտնաբերված դեպքերի թիվը նվազել է 27-ով կամ 2,6%-ով (1052-1025): Դրան զուգընթաց, հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատությամբ, հայտնաբերվել են 44-ով կամ 8,3%-ով ավել թմրամիջոցների իրացման դեպքեր (527-571):
ՀՀ-ում գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 8 դեպք, որից 5-ը կատարվել է կազմակերպված խմբի կողմից: Գրանցված դեպքերից 7-ը` կանանց պոռնկության, 1-ը` ՌԴ–ում աշխատանքային շահագործման դեպքեր են:
Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է մտավոր սեփականության ոլորտում կատարված 15 հանցագործության դեպք, որոնցից 12-ը բացահայտվել է:
2014թ. ընթացքում հայտնաբերվել է 66 կաշառակերության դեպք, որոնցից 52-ը ոստիկանության ջանքերով:
Հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության մարմինների կողմից հայտնաբերվել է քննությունից ու դատից խուսափող և հետախուզվող 1777 անձ:
ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական, ինչպես նաև Ինտերպոլի ԱԿԲ-ն իրենց առջև դրված խնդիրներն իրականացրել են լիարժեքորեն և ամբողջ ծավալով, նկատելի ներդրում են ունեցել հանցագործությունների բացահայտման, քննությունից և դատից խուսափող անձանց հետախուզման աշխատանքներում:
Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման ոլորտում ընդգրկված ծառայությունները պատշաճ կերպով կատարել են իրենց առջև դրված խնդիրները: Վերջիններիս կողմից ապահովվել է հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգություն բազմաթիվ քաղաքական և հասարակական զանգվածային միջոցառումների ընթացքում:
Պետական պահպանության գլխավոր վարչությունը զգալի աշխատանք է իրականացրել պետական և կարևորագույն օբյեկտների պահպանության հուսալիության ամրապնդման ուղղությամբ: Պայմանագրային հիմունքներով իրականացվել է 4065 օբյեկտի պահպանություն, որոնցից 299-ը քաղաքացիներին պատկանող բնակարաններ են:
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության կողմից զգալի կազմակերպչական և կանխարգելիչ աշխատանքներ են կատարվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման ուղղությամբ:
2014 թվականի ընթացքում տեսանկարահանող սարքերով կահավորվել է Երևան քաղաքի 24 խաչմերուկ: Հանրապետական և համայնքային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրվել է 73 լուսանկարահանող-արագաչափ սարք, որից 37-ը` Երևան քաղաքում: ՀՀ տարածքում ներկայումս շահագործվում է 161 լուսանկարահանող արագաչափ սարք, որոնցից 98-ը` Երևան քաղաքում: Տեսանկարահանող սարքերով վերահսկվել է Երևան քաղաքի 104 խաչմերուկի երթևեկություն:
Անդրադառնալով Անձնագրային և վիզաների վարչության ծառայությանը, պետք է նշել, որ 2014 թվականին վերջինիս ծառայողական գործունեությունը շարունակել է միտված լինել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
Շարունակելով ինքնամաքրման աշխատանքները՝ ՀՀ ոստիկանությունը խիստ կարևորում է նաև յուրաքանչյուր ծառայողի կողմից օրինականության պահպանման խնդիրը: Ընդհանուր առմամբ, 2014 թվականին ՀՀ ոստիկանությունում կարգապահական տույժի է ենթարկվել 846 ծառայող: Հարուցվել է 40 քրեական գործ, որի արդյունքում դատապարտվել է 6 ծառայող:
Ամփոփելով 2014 թ. ընթացքում կատարվածը, ՀՀ ոստիկանությունը հետևողականորեն շարունակելու է աշխատանքը հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, կատարողական և ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ: