ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անասնագողությունների հետքերով․ Ստեփանավանի ոստիկանների բացահայտումը

26.04.2021 20:10 Գողություն

Ապրիլի 6-ից 13-ը ոստիկանության Ստեփանավանի բաժնում անասնագողության վերաբերյալ երեք ահազանգ էր եղել։ Գողությունները Լոռու մարզի Ագարակ և Յազդան գյուղերում էին կատարվել։
Ապրիլի 6-ին Ագարակ գյուղի մի անասնագոմից 7 խոճկոր էին գողացել՝ պատճառելով 175 000 դրամի նյութական վնաս, մեկ այլ գոմից էլ գողացել էին 23 հավ. այս դեպքում վնասի չափը 90 000 դրամից ավելի էր։ Ոստիկանները բացահայտման ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկում, երբ ապրիլի 13-ին գողության վերաբերյալ նոր հաղորդում ստացվեց. Յազդան գյուղի մի տան գոմից ու հարակից շինությունից երեք հորթ, երկու ոչխար ու գառ էին գողացել։
Քրեական հետախույզների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ նշված գողությունները, իր «ՎԱԶ-21103» մակնիշի մեքենայով, կատարել էր Վանաձոր քաղաքի 31-ամյա մի բնակիչ:
Բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 14-ին նա ներկայացավ ոստիկանության Ստեփանավանի բաժին:
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ 31-ամյա տղամարդը գողոնը թաքցրել էր Վանաձորի Բուլղարական տնակային ավանի շինություններից մեկում։ Հիշյալ շինությունում կատարված խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել և հանձնվել է տերերին։
Հարուցվել է քրեական գործ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: