Աշխատանքային հանդիպում ոստիկանության քննչական գլխավոր վարչության և ստորաբաժանումների ծառայողների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
15.11.2012 16:48
Համակարգի լրատու
Նոյեմբերի 14-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում ունեցավ ոստիկանության քննչական գլխավոր վարչության և ստորաբաժանումների ծառայողների հետ:
Վլադիմիր Գասպարյանն ընդգծելով իրավապահ համակարգում քննիչների աշխատանքի կարևորությունը՝ նշեց այն որակները, որ անպայման պետք է ունենա քննիչը և որպես մասնագետ, և որպես մարդ, որպեսզի արդար լուծում տա ցանկացած հարցի և արդարացի որոշումներ կայացնի:
Ոստիկանության պետը կրկին շեշտեց մասնագիտական պարապմունքների անհրաժեշտությունը, որոնք պետք է անցկացվեն ոչ ձևականորեն, այլ լիարժեք ու վաղօրոք նախապատրաստվելով: Պարապմունքների շրջանակում պետք է ընդգրկվեն և մասնագիտական խնդիրներ, և էթիկայի հարցեր, պետք է աշխատանք տարվի հատկապես երիտասարդ կադրերի հետ, որոնց անհրաժեշտ է ավագների աշխատանքի դրական փորձը:
Վլադիմիր Գասպարյանը վերստին կրկնեց իր պահանջը՝ աշխատել փաստաթղթավորելով բոլոր գործընթացները, լիարժեք իրացնել քննիչի իրավունքներն ու պարտականությունները:
Վլադիմիր Գասպարյանը անդրադարձավ նաև քննչական ապարատի և ոստիկանության մյուս ստորաբաժանումների սերտ համագործակցության անհրաժեշտությանը, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր ողջ ծավալով իրականացնել հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման, հանցավորության դեմ պայքարի ու հասարակական կարգի պահպանման խնդիրները, որոնք ոստիկանության ողջ համակարգի ընդհանուր գործն են, և ոչ ոք իրավունք չունի ու չի կարող իրեն դուրս դնել այդ ընդհանրականությունից: