Տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստ
Հոկտեմբերի 11-ին հեռուստակոնֆերանսի ռեժիմով անցկացվեց Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը:
Նիստին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության ներքին գործերի նախարարները, ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործության այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի կոորդինացիոն բյուրոյի տնօրենը, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը:
Հանդիպման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նիստի ընթացքում ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նախագահի լիազորությունները Ուզբեկստանի Հանրապետության նախարար, գեներալ-լեյտենանտ Պուլատ Բոբոժոնովը փոխանցեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանին:
ՆԳՆ խորհրդի նիստում քննարկվեց հարցերի լայն շրջանակ:
Օրակարգը բաղկացած էր 14 կետից:
Առաջին հարցի քննարկման ընթացքում Խորհրդի անդամները մտքեր փոխանակեցին ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի (ոստիկանության) մարմինների համագործակցության գերակա ուղղությունների շուրջ և իրազեկեցին հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրերի իրականացման, այդ թվում՝ 2021 թվականին ՆԳՆԽ կողմից իրականացվելիք միջոցառումների մասին:
Պատվիրակությունների ղեկավարները տեղեկացրին իրենց պետություններում օպերատիվ իրավիճակի, հանցագործների հետախուզման և հանձնման ուղղությամբ կատարված աշխատանքի մասին, ինչպես և ներկայացրին իրենց տեսլականը ապագայում հանցավորության դեմ պայքարում բազմակողմ համագործակցության մակարդակի բարձրացման վերաբերյալ՝ ելնելով նոր մարտահրավերներից ու սպառնալիքներից: Այդ հարցի քննարկման արդյունքներն ու ելույթներում հնչած առաջարկները արտացոլվեցին Խորհրդի նիստի արձանագրության մեջ:
ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստում դիտարկվեցին նաև մի շարք այլ՝ ոչ պակաս կարևոր հարցեր:
Մասնավորապես՝
- Հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցների 2024-2028 թթ. միջպետական ծրագրի մասին,
- Հանցավորության դեմ պայքարի և իրավակարգի ապահովման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների համագործակցության մասին. փորձը, հիմնախնդիրները, հեռանկարները,
- Ավտոտրանսպորտային միջոցների առևանգումների հակազդման ոլորտի վերաբերյալ ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարությունների տվյալների բազաներում առկա տեղեկությունները ստանալու և տրամադրելու կարգը կանոնակարգող փաստաթղթի մշակում,
- Հանցավորության դեմ պայքարի բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպությունների գործունեության վիճակի և հեռանկարների մասին,
- ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման ու իրականացման կարգը կանոնակարգող Միջպետական փաստաթղթի մշակման մասին,
- Բլոկ-չեյն տեխնոլոգիաների և կրիպտոարժույթի կիրառմամբ կատարվող հանցագործությունների կանխման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների համագործակցության մասին,
- Անչափահասներին ապակառուցողական խմբերում ներգրավելու կանխարգելման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների համագործակցության մասին,
- Տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում՝ ինտերնետ-խարդախությունների ոլորտում հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի (ոստիկանության) մարմինների համագործակցության ներուժի բարձրացման մասին:
Օրակարգի բոլոր հարցերով ընդունվեցին համապատասխան որոշումներ: Ընդունվեցին նաև կազմակերպչական բնույթի մի շարք որոշումներ:
ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը կանցկացվի Ղրղզստանի Հանրապետությունում՝ 2022 թվականին: