Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի նոր դրվագներ
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, օրերս ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, համագործակցեցին Կոտայքի քրեական հետախույզների հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ջրվեժ համայնքի Քոչինյան փողոցի ռեստորանային համալիրի մոտից, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկվեցին 37-ամյա վարորդն ու 50 և 59 տարեկան ուղևորները: Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ, իսկ մի ուղևորի մոտից՝ մեկ փաթեթ՝ մոտ 39 գրամ քաշով մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով:
Շենգավիթի ոստիկանների հետ համագործակցության արդյունքում էլ Բագրատունյաց պողոտայից, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ և երկու ուղևորները՝ 30 և 28 տարեկան երևանցիներ։ Մի ուղևորի մոտից հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված և 8 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:
Երկու դեպքով էլ նշանակվել են փորձաքննություններ: Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ ոստիկանության հետևողական պայքարը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: