Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը շարունակվում է. Արմավիրի ոստիկանների բացահայտումները
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը մշտապես իրավապահների ուշադրության կենտրոնում է: Այդ են վկայում ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ամենօրյա բացահայտումները: Հերթականը Արմավիրի ոստիկանների բացահայտումներն են։
Բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկաններն ուժեղացված ծառայության ժամանակ ձերբակալել են Նոր Արմավիր գյուղի բնակիչ, 56-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 5 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ։
Ուժեղացված ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտել են պարեկապահակետային ծառայության ոստիկաները։ Նրանք Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում ձերբակալել են 39-ամյա մի երևանցու։ Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է 4 գրամից ավելի մարիխուանայի նմանվող դեղնականչավուն զանգված։
Հաջորդ դեպքում Արմավիրի ոստիկանները Նալբանդյան գյուղի բնակիչ, 60-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերել են 40 գրամից ավելի մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։
Հերթական բացահայտումը Այգևան գյուղում էր։ Արմավիրի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները 46-ամյա տղամարդու տան զննությամբ հայտնաբերել են շուրջ 4 գրամ մարիխուանայի նմանվող զանգված, 160-ից ավելի դեղահաբեր և ապակյա գլանակ։
Իրավապահները Հացիկ գյուղի 46-ամյա մի բնակչի տանը նույնպես դեղահաբեր են հայտնաբերել:
Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: