Ապօրինի զրկել էին ազատությունից և գումար պահանջել. ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 13-ին ոստիկանության Էրեբունու բաժնում Տիգրան Մեծի պողոտայի մի բնակչուհի հաղորդում էր տվել, որ պարտքը չվճարելու պատճառով Կոտայքի մարզի մի բնակիչ ապօրինի ազատությունից զրկել է 20-ամյա իր որդուն: Նրա տղան սեպտեմբերի 11-ին տնից դուրս էր եկել և չէր վերադարձել, իսկ ավելի ուշ զանգահարել էին մորը և հայտնել, որ գումարի դիմաց որդուդ պահում են անազատության մեջ:
Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները պարզեցին, որ երիտասարդին ազատությունից զրկած անձն ամենայն հավանականությամբ Գառնի գյուղի 27-ամյա բնակիչ է:
Որոնողական աշխատանքները շարունակվեցին: Սեպտեմբերի 14-ին իրավապահները տեղեկություններ ստացան, որ կասկածվողը «Մերսեդես» մակնիշի մեքենայով գտնվում է Եղեգնաձորում: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները, որոնք նույն օրը, ժամը 16-ի սահմաններում, կասկածվողին եղեգնաձորցի 35-ամյա ընկերոջ հետ հայտնաբերեցին Եղեգնաձորի Անդրանիկի փողոցում և, «Մերսեդեսով» հանդերձ, բերման ենթարկեցին:
Հանգամանքները պարզվում են:
Բերման ենթարկված անձինք ներկայացվել են ոստիկանության Էրեբունու բաժին:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: