Ոստիկանները բացահայտել են «Կենտրոն-1» համատիրության նախկին նախագահի ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի «Կենտրոն-1» համատիրության նախկին նախագահի ապօրինությունները:
Մասնավորապես, ըստ նախնական տվյալների՝ նա, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2008-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում համատիրությունում որպես գանձող տեսուչ է հրամանագրել կնոջը: Սակայն նա երբևիցե աշխատանքի չի ներկայացել և չի կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները: Այդ պարտականությունները նրա փոխարեն հանձնարարվել է կատարել համատիրության մյուս աշխատակիցներին:
Համատիրության նախկին նախագահը գանձումների բաժնի նախկին պետի հետ, կնոջ հաճախելիության վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնելով և դրանք հաստատելով՝ կազմել են աշխատաժամանակի կեղծ հաշվարկի ամսեկան տեղեկագրեր: Դրանց հիման վրա յուրացման եղանակով հափշտակել է կնոջ անվամբ հաշվարկված աշխատավարձերի և պարգևավճարների առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 21.127.000 դրամ գումարը:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: