Առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառք էր իրականացրել ու բռնվել․ ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Դոլար առնեմ դրամով». 90-ական թվականներից հայտնի այս արտահայտությունն այսօր արդեն անցյալում է: Արտարժույթի փոխանակումն իրականացվում է բանկերում կամ համապատասխան լիցենզիա ունեցող տարադրամի կետերում: Օրենքն է այդպես պահանջում:
Առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառքի իրականացումը քրեորեն դատապարտելի արարք է և քրեական օրենսգիրքի 188.1-րդ հոդվածի համաձայն` պատկանում է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների թվին:
Հոկտեմբերի 7-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացահայտումն այս համատեքստում էր: Ժամը 16.30-ի սահմաններում իրավապահներն օպերատիվ տեղեկություններն իրացնելով` բաժին հրավիրեցին Բերդ քաղաքի 54-ամյա մի բնակչի:
Պարզվել է, որ նա օգոստոս ամսից մինչ օրս առանց լիցենզիայի զբաղվել է արտարժույթի առուվաճառքի իրականացմամբ` դոլար է փոխանակել, ռուբլին վերածել է դրամի և հակառակը:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: