Ավազակային հարձակում կատարողները հայտնաբերվեցին և ձերբակալվեցին
Նոյեմբերի 23-ին, ժամը 21-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց զանգահարած քաղաքացին հայտնել է, որ դիմակավորված և զինված 2 անձինք մտել են Արաբկիրի 53-րդ փողոցում գտնվող իրենց տուն, կապել են իր եղբոր ոտքերը և օգնություն կանչելուց հետո դիմել են փախուստի, իսկ ժամը 21.20-ին քաղաքացին հայտնել է, որ հանցագործները գտնվում են նշված տանն ու զենքով սպառնում են տան անդամներին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.40-ին, դիմակավորված 2 անհայտ անձինք, օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել Գայանե Բ.-ի տուն, որից հետո նրանցից մեկը ցուցադրելով ատրճանակը՝ դրել է այն կնոջ քունքին, իսկ մյուսն իր մոտ եղած կտրող գործիքով հարվածել է նրա եղբոր` 1969 թ. ծնված Հովհաննես Բ.-ի ձախ ոտքին և առանց որևէ պահանջ ներկայացնելու, իրենց կամքից անկախ հանգամանքներում, ոչինչ չհափշտակելով՝ դիմել են փախուստի:
Նոյեմբերի 24-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Էրեբունու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկից ժամը 13.55-ին, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Երևանի Նիզամու փողոցի բնակիչ, 1993 թ. ծնված Սուրեն Կ.-ն, իսկ ժամը 14.15-ին Էրեբունու փողոցի թիվ 33 շենքի մոտից՝ Էրեբունու փողոցի բնակիչ, 1997 թ. ծնված Միքայել Մ-ն:
Սուրեն Կ.-ի կողմից թողնված դիմակը և ձեռնոցները հայտնաբերվել են «Հաղթանակ» զբոսայգում:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք ատրճանակը և կտրող գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Սուրեն Կ.-ն և Միքայել Մ.-ն ձերբակալված են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: