Ոստիկանները բացահայտել են Արագած գյուղում կատարված ավազակային հարձակումը
Նոյեմբերի 19-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության Ապարանի բաժին Արագած գյուղի մի բնակչուհուց ահազանգ էր ստացվել, որ երեք անձինք մահակներով մտել են իր տուն, կապկպել են իրեն, պահանջել գումար և ոսկեղեն, այնուհետև վերցնելով բանկային քարտերը՝ հեռացել են:
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նոյեմբերի 18-ին, ժամը 23.30-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում, դիմակավորված երեք անհայտ անձինք մուտք են գործել հիշյալ կնոջ բնակարան, սպառնալով նրանից հափշտակել են 80.000 դրամ, ոսկյա զարդեր, կենսաթոշակի բանկային քարտ և կենցաղային իրեր:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով, նոյեմբերի 26-ին Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններից ոստիկանության Աշտարակի բաժին բերման է ենթարկվել 4 անձ, որոնք ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ հարցաքննության: Նրանցից երեքը ձերբակալվել են, մեկը բաց է թողնվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: