Քրեական հետախույզները բացահայտել են ավազակության դեպքը
Հուլիսի 11-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ-ում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ ժամը 17.30-ին դիմակավորված չորս անձինք մուտք են գործել Վ. Փափազյան փողոցում գործող ՍՊ ընկերության տարածք և զենքի սպառնալիքով հափշտակել սեփականատիրոջն ու ընկերներին պատկանող ոսկյա շղթան, փող, բջջային հեռախոս ու դիմել փախուստի:
Դեպքի վայր էր մեկնել օպերատիվ-քննչական խումբ:
Նույն օրը, ժամը 21.02-ին, ԻԻՀ 49-ամյա քաղաքացին հաղորդում էր տվել, որ 4 անհայտ անձինք ապօրինի մուտք են գործել իր վարձակալած ծրագրավորման գրասենյակ և զենքի ու դանակի սպառնալիքով հափշտակել բջջային հեռախոս, իր անձնագիրը, 70.000 դրամ, պարանոցից՝ ոսկյա շղթան, իսկ ընկերոջ պարանոցից հափշտակել են ոսկյա շղթան, ոսկյա թևնոցը, «Սամսունգ» խելացի ժամացույցը, ԻԻՀ վարորդական իրավունքի վկայականը և 2 էլեկտրական կրիչ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ատրճանակի նմանվող առարկա, կպչուն ժապավեն, պլաստմասսե ամրաններ, աչքերը կապելու կապիչներ, պոլիէթիլենային տոպրակ և մկրատ:
Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է հանցագործությունը կատարողների և օժանդակողի ինքնությունը: Հանցագործությանն օժանդակողը՝ ԻԻՀ 36-ամյա քաղաքացին, Մաշտոցի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Հուլիսի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ հանցագործությունը կատարած, ազգությամբ պարսիկ երեք երիտասարդները Երևանի Գրիգոր Արծրունու փողոցից նստել են «Օպել» մակնիշի տաքսին և ուղևորվել Մեղրիի սահմանային անցակետ:
Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մեղրիի բաժնի ծառայողների հետ, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, Մեղրի-Ագարակ ճանապարհահատվածում հայտնաբերել և ձերբակալել են հանցագործությունը կատարած եռյակին, որոնցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գողոն հանդիսացող ոսկյա շղթան:
Նրանք ներկայացվել են նախաքննական մարմնին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: