Ոստիկաններն ավազակությունը բացահայտեցին ժամերի ընթացքում
Հունվարի 17-ին, ժամը 11:45-ին, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգած կինը հայտնել է, որ տանն իրեն ծեծի են ենթարկել:
Տուժածի տուն մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 11:30-ի սահմաններում, անհայտ անձը խաբեությամբ մուտք է գործել 71-ամյա կնոջ բնակարան, բյուրեղապակյա տարայով հարվածել գլխին, հափշտակել կնոջ մատանին ու դիմել փախուստի։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ավազակության հատկանիշներով:
Նույն օրը ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, Կոտայքի ոստիկանության և քննչական բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումներով հիմնավորվել է, որ հանցագործությունը կատարել է Չինչին գյուղի բնակիչ, 47-ամյա Վարդան Դարբինյանը։
Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Կոտայքի և Տավուշի մարզային վարչությունների ծառայողների հետ, Դարբինյանին հայտնաբերեցին Տավուշի մարզում և բերման ենթարկեցին ոստիկանության Կոտայքի բաժին։
Պարզվեց, որ նախկինում էլ Դարբինյանը Աբովյան և Երևանի քաղաքների տարբեր վարչական շրջաններում խաբեությամբ մուտք է գործել բնակարաններ և կատարել գողություններ:
Քննությամբ արդեն բացահայտվել է դրանցից մեկը։
Դեկտեմբերի 25-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Կոտայք բաժին դիմած 80-ամյա կինը հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Աբովյանի քաղաքային շուկայի տարածքում անհայտ անձը, ներկայանալով «սոցապ» ծառայության աշխատակից, առաջարկել է օգնություն տրամադրել, և իր հրավերով գնացել են տուն։ Օգտվելով կնոջ անուշադրությունից՝ գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 300 ԱՄՆ դոլար, 13 հազար դրամ, այցեքարտեր և կոմունալ վճարումների կտրոններ:
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել էր քրեական գործ:
Պարզվել է, որ սոցիալական ծառայության աշխատակից ներկայացած և գողություն կատարած անձը Դարբինյանն է եղել։
Վարդան Դարբինյանը ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: