Ավանի քրեական հետախույզները դանակահարությունը բացահայտեցին նույն օրը
Մայիսի 29-ի գիշերը Ավան վարչական շրջանում դանակահարություն էր եղել: Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Նոր Նորքի բաժնից Ավանի բաժանմունք փոխանցվեց ժամը 1.30-ի սահմաններում. հերթապահ քույրը հայտնում էր, որ շտապօգնության խումբը որովայնի ծակած-կտրած վերքով 28-ամյա երիտասարդի էր տեղափոխել բժշկական կենտրոն:
Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց։ Տուժողը վստահեցնում էր՝ իբր խորովածի շամփուրը ձեռքին վազելիս ընկել է, սակայն ծակած-կտրած վերքն իր բնույթով այլ բան էր հուշում։
Ավանի քրեական հետախույզների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում հաղորդումից ժամեր անց պարզվեցին և՛ դեպքի հանգամանքները, և՛ կասկածյալի ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ կեսգիշերն անց Ավանի Խուդյակովի փողոցի երկրորդ նրբանցքում տուժողը բջջային հեռախոսի նորոգման հարցի շուրջ վիճել էր Սիսիանում հաշվառված, բայց փաստացի մայրաքաղաքում բնակվող 23-ամյա երիտասարդի հետ, որն էլ դանակահարել էր նրան:
Մայիսի 29-ի առավոտյան կասկածվողը Գայի պողոտայում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Ավանի բաժանմունք:
Նրա անձնական խուզարկությամբ դանակը հայտնաբերվել է:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: