Ավտոմեքենան փախցրել են, դիմել փախուստի և բռնվել
Փետրվարի 21-ին, ժամը 4.20-ին, Ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի Րաֆֆու փողոցում նկատել են «Միցուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը թույլ է տվել ՃԵԿ-ի խախտում և չենթարկվելով կանգ առ հրահանգին` դիմել է փախուստի: Քիչ անց վարորդը և ուղևորը ավտոմեքենան թողնելով Անդրանիկի փողոցի թիվ 31 շենքի մոտ՝ դիմել են փախուստի, սակայն նույն փողոցի թիվ 59 շենքի մոտ բռնվել և ավտոմեքենայի հետ ՃՈ տուգանային հրապարակ է տեղափոխվել ուղևորը` 2000 թ. ծնված Ա. Բ.-ն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 2-ին, Ա. Բ.-ն և 1994 թ. ծնված Հարություն Տ.-ն, օգտվելով Կոտայքի մարզի Քասախ գյուղի Մուշ թաղամասի բնակիչ, 1944 թ. ծնված Անդրանիկ Պ.-ի ավտոտնակի և ավտոմեքենայի դռները բաց լինելու ու ավտոմեքենայի բանալու առկայության հանգամանքից՝ փախցրել են ավտոմեքենան:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: