Հետախուզվողի մոտ լիցքավորված ատրճանակ հայտնաբերվեց. նա կալանավորվել է
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Արարատի մարզային վարչության, Արտաշատի բաժնի քրեական հետախույզների և պարեկային ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 3-ին Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում հայտնաբերվել, ձերբակալվել և, իր վարած «Օպել Աստրա Ջ» մեքենայով հանդերձ, ոստիկանության Արտաշատի բաժին է տարվել 29-ամյա Հարություն Ղ.-ն: Նա 2022 թ. դեկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ (Խուլիգանությունը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Ոստիկանության Արտաշատի բաժնում անձնական խուզարկությամբ Հարություն Ղ.-ի մոտ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, իսկ զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալված և Արտաշատի բաժին տարված 34-ամյա ուղևորը բացատրական աշխատանքի շնորհիվ հայտնել է, որ մեքենայում երկու ծալովի դանակ ունի:
34-ամյա գյումրեցի ուղևորը ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:
Հայտնաբերված զենք-զինամթերքը վերցվել է: Հանգամանքները պարզվում են:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: