Հայտնաբերվել են ատրճանակներ ու մարիխուանա. Ջերմուկի ոստիկանների օպերատիվ տվյալն իրացվեց մայրաքաղաքում
Ոստիկանության Ջերմուկի բաժնի քրեական հետախույզները ապօրինի հրազեն և թմրանյութ պահելու վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն, որն իրացնելու համար պետք է մեկնեին մայրաքաղաք և համագործակցեին քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների հետ:
Հունվարի 30-ին, ժամը 20.20-ին, Երևանի Հերացու փողոցում ձերբակալվեցին և, «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին տեղափոխվեցին Ջերմուկում հաշվառված, բայց մայրաքաղաքում բնակվող 32-ամյա մի տղամարդ և նրա երևանցի 30-ամյա ընկերը: Մինչ այդ, մի քաղաքացի իջել էր մեքենայից և հեռացել Համալսարանական հիվանդանոցի ուղղությամբ: Ճշտվեց նաև նրա ինքնությունը` Ջերմուկում հաշվառված 30-ամյա տղամարդ էր: Քիչ ավելի ուշ նա նույնպես ձերբակալվեց և տեղափոխվեց նույն բաժին:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում խուզարկություն կատարվեց մեքենայում: Պայուսակում կար «Բերետայի» նմանվող մարտական ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով, իսկ վարորդի դռան պահոցում` «Մակարով» տեսակի ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտով: Սրահում հայտնաբերվեցին նաև մարիխուանայի նմանվող զանգվածներ:
Առաջին երկու ձերբակալվածները կալանավորվել են: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: