Արաբկիրի ոստիկանները վերահաստատեցին գիշերային անդորրն ու հայտնաբերեցին թմրանյութ
Ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգը հնչեց գիշերվա ժամը 1.15-ին: Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բնակիչը հայտնում էր, որ շքամուտքում աղմուկ է, խնդրում էր, որ ոստիկան մոտենա: Հնարավոր հետևանքները կանխելու մտադրությամբ Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը հնարավորինս արագ մեկնեց դեպքի վայր: Միջադեպը հաջողությամբ կանխվեց, շենքի գիշերային անդորրը վերականգնվեց, սակայն երբ ոստիկանները վիճողներից մեկին ուղեկցեցին տուն, հյուրասենյակի սեղանին՝ շատ տեսանելի տեղում, նկատեցին կանեփանման զանգված ու հինգ ծխամորճ:
Հետագա միջոցառումները զուգորդվեցին քննչական գործողություններով: Հայտնաբերված դեղնականաչավուն զանգվածն ավելի քան 24 գրամ էր, կար նաև կանեփի սերմ` վեց գրամից քիչ ավելի: Թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով 25-ամյա տանտերը ձերբակալվեց: Նա ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: