Արաբկիրի քրեական հետախույզները կողոպուտների դեպքեր են բացահայտել
Կողոպուտի վերաբերյալ առաջին ահազանգը ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց հունիսի 30-ին, երեկոյան ժամը 11-ին: Մայրաքաղաքի Օրբելու փողոցում 42-ամյա մի կնոջից բացահայտ հափշտակել էին կախազարդով ոսկյա շղթան և դիմել փախուստի: Բաժնից մեկնել էր օպերատիվ խումբը, ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ, սակայն կողոպուտը թարմ հետքերով բացահայտել չէր հաջողվել:
Հարուցվել էր քրեական գործ: Արաբկիրի քրեական հետախույզերն աշխատում էին հափշտակությունն օպերատիվ ճանապարհով բացահայտելու ուղղությամբ, երբ հուլիսի 10-ին ստացվեց նոր ահազանգ: Երեկոյան ժամը 10-ին մոտ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնում էր, որ անհայտ անձը Կոմիտասի պողոտայում բացահայտ հափշտակել է մի կնոջ վզնոցն ու դիմել փախուստի:
Այս դեպքում էլ, չնայած ահազանգը քիչ ուշացած էր, օպերատիվ խումբը շտապ մեկնում է դեպքի վայր, փորձում թարմ հետքերով բացահայտել կողոպուտը: Բայց օրվա մութ ժամին կատարված այս հանցագործության բացահայտումն էլ մնում է օպերատիվ միջոցառումների հույսին: Դեպքի առթիվ նախաձեռնվում է քրեական վարույթ։ Արաբկիրի քրեական հետախույզներն արդեն ունեին եղած չնչին տվյալները համադրելու և վերլուծություններ անելու հնարավորություն, ինչն էլ նրանք արեցին ճշգրտորեն: Պարզվեց, որ երկու կողոպուտն էլ կատարել է նույն անձը` Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ, որը հուլիսի 15-ին, ժամը 18.30-ին, հայտնաբերվեց մայրաքաղաքի Մովսես Խորենացու փողոցում, ձերբակալվեց և ներկայացվեց քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: