Արագաչափերը պատժելու նպատակ չունեն, իսկ վարորդները պարտավոր են բոլոր վայրերում պահպանել ճանապարհային երթևեկության, այդ թվում` երթևեկության արագության կանոնների պահանջները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
22.11.2012 12:31
Համակարգի լրատու
Հայաստանի Հանրապետությունում երթևեկության արագության վերահսկման արագաչափ սարքերի կիրառման համար որևէ նախազգուշացնող ճանապարհային նշանի կամ ցուցանակի առկայության պահանջ որևէ օրենքով սահմանված չէ և դրանց կիրառումը պարտադիր չէ, իսկ վարորդները պարտավոր են բոլոր վայրերում պահպանել ճանապարհային երթևեկության, այդ թվում` երթևեկության արագության կանոնների պահանջները:
Ինչ վերաբերում է ներկայումս կիրառվող նախազգուշացնող ցուցանակներին, ապա դրանց կիրառումը ոստիկանության նախաձեռնությունն է` նպատակ ունենալով արագաչափ սարքերի ներդրմամբ ավելի շատ կանխարգելել իրավախախտումները, քան` արձանագրել դրանք:
Սակայն, չի բացառվում, որ առաջիկայում այդ ցուցանակները կհանվեն և այլևս չեն կիրառվի կամ կկիրառվեն ընդհանուր նախազգուշացնող ցուցանակներ այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում երթևեկությունը վերահսկվում է տեսախցիկներով ու արագաչափ սարքերով, քանի որ, ինչպես ցույց է տալիս փորձը և կատարված վերլուծությունը, ցուցանակների կիրառման պարագայում արագաչափ սարքերն իրականացնում են ճանապարհային երթևեկության անվտանգության «հատվածական» ապահովում: Այսինքն, վարորդները երթևեկում են արագ, նկատում են ցուցանակը, դանդաղեցնում են, անցնում են արագաչափ սարքը, հետո կրկին երթևեկում արագ: Ու ստացվում է, որ արագաչափ սարքերը չեն ապահովում ցանկալի արդյունք` ճանապարհային երթևեկության անվտանգության իրական և երկարաժամկետ ապահովում:
Բացի այդ, առաջիկայում նախատեսվում է կիրառել նաև շարժական արագաչափ սարքեր, որոնց դեպքում ևս ցուցանակներ կիրառելն արդյունավետ չէ:
Ու չնայած արագաչափերի տեղադրման մասին իրազեկող ցուցանակների առկայությանը, Երևան քաղաքում արձանագրվել է ճանապարհատրանպորտային պատահարների դրական վիճակագրություն: Այսպես. 2012 թվականի 10 ամիսների ընթացքում Երևան քաղաքում վիճակագրական հաշվառման է վերցվել 839 պատահար, որոնց հետևանքով զոհվել է 52, վիրավորվել 1065 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պատահարների քանակը մնացել է նույնը, զոհերի թիվը նվազել է 17-ով, վիրավորներինը` 64-ով:
Մեր կարծիքով, եթե նախազգուշացնող ցուցանակներ չկիրառվեն, ապա այս դրական վիճակագրությունը կարող է մոտ 3 անգամ ավելի լինել: