Արդյո՞ք հանրությունը ճիշտ է ընկալում ոստիկանության գործողությունների արդյունավետությունը
05.06.2013 16:16
ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն
Հունիսի 4-ին ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված սեմինարը նվիրված էր հասարակական կարգի պահպանությանը:
Սեմինարին մասնակցում էին ոստիկանության գծով միջազգային փորձագետ Դեյվիդ Այենսոնը եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի պատասխանատու Լիլիան Շալառուն ողջունելով սեմինարի մասնակիցներին՝ կարեւորեց քննարկվող թեման՝ որպես հասարակական կարգի պահպանության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլ:
Ոստիկանության գծով միջազգային փորձագետ Դեյվիդ Այենսոնն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին, ինչպես եւ՝ հասարակության կողմից ոստիկանության գործունեության արդյունավետության ընկալմանը: Հանրային աղբյուրներից վերցված նյութերի հիման վրա նա նաեւ վերլուծեց բարդ իրավիճակներում հայ ոստիկանների գործողությունները:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ներկայացրեց ոստիկանության գործողությունների վերաբերյալ փետրվարի 24-ից ապրիլի 15-ը անցկացրած դիտարկումների արդյունքները:
Սեմինարն անցավ քննարկումների մթնոլորտում, իսկ առանցքային հարցը հետեւյալն էր՝ արդյո՞ք հանրությունը ճիշտ է ընկալում ոստիկանության գործողությունների արդյունավետությունը: Սեմինարի մասնակիցները միակարծիք էին՝ վերջին շրջանում ոստիկանության վարած քաղաքականության արդյունքում հանրությունն ավելի է վստահում եւ դրական գնահատում համակարգի գործունեությունը: