Արթիկի ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Մարտի 2-ին, ժամը 20.45-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել ոստիկանության Արթիկի բաժին. «գլխի պատռված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել Շիրակի մարզի Սարալանջ գյուղի մի բնակիչ:
Հիվանդանոց է մեկնում բաժնի օպերատիվ խումբը: Տուժած տղամարդը ոստիկաններին հայտնում է, որ մոտ երկու ժամ առաջ անզգուշաբար ընկել է իրենց գոմի կտուրից:
Տղամարդու հայտնածն այնքան էլ արժանահավատ չէր, և ոստիկանները փորձում են պարզել եղելությունը, բայց՝ իզուր: Ո՛չ տուժածից, ո՛չ հարազատ-բարեկամ-հարևաններից որևէ բան իմանալ չի հաջողվում:
Իրավապահներն, այնուամենայնիվ, փորձում էին ճշմարտանման բացատրություն գտնել, երբ մարտի 4-ի ցերեկը տուժած տղամարդն ինքը ներկայացավ ոստիկանության Արթիկի բաժին և տվեց հաղորդում:
Պարզվեց, որ մարտի 2-ին տղամարդը և հարևանը վիճել էին, ինչը վերաճել էր ծեծկռտուքի: Տուժած տղամարդը մարտի 2-ին այդ մասին իրավապահներին չէր հայտնել` հուսալով, որ վեճը սպառված է: Սակայն մարտի 4-ին այն բորբոքվել էր նոր թափով: Ըստ տղամարդու` հարևանը վիճել էր իր որդու հետ, նաև դանակով հարվածներ հասցրել նրան, հետո էլ ծեծի էր ենթարկել հորեղբոր որդուն:
Արթիկի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ժամեր անց հարևանը ներկայացել է բաժին և խոստովանել արարքը:
Հանցագործության գործիք դանակը վերցվել է: Նշանակվել են փորձաքննություններ, վեճի պատճառն ու դեպքի հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: