Թմրամոլության դեմ Արմավիրի բաժնի ոստիկանների պայքարի երեք դրվագ
Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ստացել էին տեղեկություն, որ Արմավիր քաղաքի Նալբանդյան փողոցի բնակիչ 63-ամյա մի տղամարդ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ, իսկ տանն ու օժանդակ շինություններում ապօրինի պահում է թմրանյութ:
Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Հունվարի 22-ին կատարված զննությամբ տան նկուղում դրված ճամպրուկում հայտնաբերվեց մոտ 35 գրամ կանեփանման զանգված: Տանտերը հաստատեց, որ կանեփն ինքն է աճեցրել, թմրանյութն էլ պատրաստել է անձամբ օգտագործելու համար:
Արմավիրի համայնքային ոստիկանների օպերատիվ տեղեկությունն իրացվեց հունվարի 29-ին: Ստուգման նպատակով իրավապահները մեկնեցին Նորապատ գյուղ: Տանտերը այցելուներին հրավիրեց տուն և ցույց տվեց տարբեր տեղերում դրված կանեփանման զանգվածներ:
Տունը վերցվեց հսկողության տակ: Նախաձեռնվեած քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հացատանը հայտնաբերվեց 144 գրամ կանեփանման զանգված, նաև` ապակե երկու գլանակ:
Այս դեպքում էլ, ըստ տանտիրոջ, կանեփն ինքն էր աճեցրել ու պատրաստել թմրամիջոց` իր համար:
Նմանատիպ մեկ այլ տեղեկություն պարզելու համար Արմավիրի քրեական հետախույզները մեկնեցին Արմավիր քաղաքի Թամանյան փողոց: Նախաձեռնվեց քրեական վարույթ: Տեղեկությունը, որ տանտերը պահում է թմրամիջոցներ, հաստատվեց: Զննությամբ խորդանոցում, ավտոտնակում և ննջարանում հայտնաբերվեցին կանեփանման զանգվածներ:
49-ամյա տանտերը նույնպես ընդունեց, որ կանեփն ինքն է աճեցրել և թմրանյութը պատրաստել է անձնական օգտագործման համար:
Երեք դեպքով էլ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: