Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են կանեփի թփեր և մարիխուանայի նմանվող զանգված
Դեռևս հուլիսի 27-ին Արտաշատի ոստիկանները, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, խուզարկել էին Արարատի մարզի Հովտաշեն գյուղի բնակիչ, 61-ամյա մի տղամարդու: Հայտնաբերվել էր մարիխուանայի նմանվող զանգված՝ 5 գրամից ավելի քաշով: Օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումերը, սակայն, նոր արդյունք պետք է տային:
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, դատարանի որոշմամբ, Արտաշատի ոստիկաններն ու Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկեցին 61-ամյա տղամարդու տունն ու կից շինությունները: Հայտնաբերվեցին կանեփի 190-ից ավելի բույս, մարիխուանայի նմանվող զանգվածով 6 փաթեթ՝ ընդհանուր մոտ 16 գրամ: Բացի այդ, տան սենյակներից մեկում դրված դույլում տարբերփաթեթներ ու տարաներ կային՝ ընդհանուր մոտ 376 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով:
Նշանակվել են փորձաքննություններ։ Քրեական վարույթը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: