Ճանապարհային երթևեկության վիճակը բարելավելու նպատակով ոստիկանությունը շարունակում է հանրային քննարկման ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովում ստացված առաջարկները
ՀՀ Նախագահի մոտ 2015 թ. սեպտեմբերի 11-ին կայացած խորհրդակցության ընթացքում տրված հանձանարարականի կատարման նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ ճանապարհային երթևեկության ոլորտում առկա խնդիրները մշտադիտարկելու, բարեփոխումների ընթացքը համակարգելու և հեռանկարային ծրագրեր առաջարկելու համար:
Հանձնաժողովը որդեգրել է թափանցիկ ու հրապարակային գործելակերպ և ակնկալում է բոլոր շահագրգիռ կազմակերպությունների, կառույցների, քաղաքացիների աջակցությունը, որոնք կարող են ներկայացնել ճանապարհային երթևեկության բարելավմանն ուղղված առաջարկներ ու ծրագրեր:
Համոզված ենք, որ հանրության լայն ընդգրկումը մեր երկրի համար կարևոր այս խնդրի լուծման գործում, կարագացնի բարեփոխումների գործընթացը և կնպաստի արդյունավետ լուծումների ու որոշումների կայացմանը:
Միջգերատեսչական հանձնաժողովը պատրաստ է քննարկել և սպասում է ձեր առաջարկներին, որոնք կարող եք ուղարկել s.hovhannisyan@police.am էլեկտրոնային փոստի հասցեով:
Շարունակում ենք հանրային քննարկման համար ներկայացնել Միջգերատեսչական հանձնաժողովում ստացված առաջարկները:
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բեռնաթափման համար
Կոմիտասի պողոտան բեռնաթափելու՝ նրանով երթևեկող տրանսպորտային միջոցների մի մասը դեպի Մամիկոնյանց և Ա. Խաչատրյան փողոցներ ուղղորդելու նպատակով առաջարկվում է լրակառուցել ու շարունակել Մամիկոնյանց փողոցը և այն միացնել Ա. Խաչատրյան փողոցին (գծագիրը կցվում է), ինչի շնորհիվ կունենանք Կոմիտասի պողոտային զուգահեռ այլընտրանքային երթուղի: