Սպանության փորձ և ավազակային հարձակում. Արարատի ոստիկանների բացահայտումը
Հունիսի 24-ին, ժամը 23.55-ին, «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ ստացվեց, որ որովայնի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով հիվանդանոց է ընդունվել մի տղամարդ։
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները մեկնեցին հիվանդանոց։ Նախ ճշտվեց հիվանդանոց տուժածի ինքնությունն ու բնակության վայրը։ Շուտով պարզվեց, որ Արարատ գյուղի իր տանը տղամարդը վիճել էր նույն բնակավայրի 45-ամյա մի բնակչի հետ։ Վիճաբանության ընթացքում 45-ամյա տղամարդը դանակով 13 անգամ խփել էր տանտիրոջ մարմնին։
Անհետաձգելի միջոցառումների արդյունքում դեպքից մոտ 2 ժամ անց Արարատի բաժնի քրեական հետախույզները կասկածվողին հայտնաբերեցին Ավշար գյուղում և, սպանության փորձ կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին բաժին։
Հետագա միջոցառումների շնորհիվ պարզվեց նաև, որ բերման ենթարկվածը Արարատ գյուղում տեղի ունեցածից հետո, արդեն Ավշարում, դանակով մոտեցել էր գազալցակայանի աշխատակիցներից մեկին և կյանքին ու առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքով պահանջել մեքենայի բանալիները։ Մերժում ստանալուց հետո 45-ամյա տղամարդը աղբամանով կոտրել էր գազալցակայանի դրամարկղի սրահի պատուհանների ապակին։
Սպանության փորձի և ավազակության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ 45-ամյա տղամարդը կալանավորվել է։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: