Բացահայտվել է ավազակության դեպքը. տաքսու վարորդը ձերբակալվել է
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դրախտիկ գյուղի մոտ տաքսու վարորդը կացնի պոչով խփել է մի տղամարդու գլխին և հափշտակել 400.000 դրամ:
Մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողներին տուժողը հայտնել է, որ դեկտեմբերի 20-ին Չարենցավանից տուն վերադառնալիս մոխրագույն «Օպելի» վարորդը, որին ինքը չի ճանաչել, առաջարկել է փողի դիմաց իրեն տեղափոխել Վարդենիս: Ճանապարհին, մի սննդի կետում միասին ճաշելիս, վարորդը նկատել է, որ տղամարդու մոտ փող կա։ Վարդենիսի ճանապարհին՝ Դրախտիկ գյուղի մոտ, տաքսու վարորդը մեքենան կայանել է ամայի վայրում, ուղևորին իջեցրել, գցել է գետնին ու, բռնություն գործադրելով, հափշտակել 300.000 դրամ:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Սևանի և Ճամբարակի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ոստիկանություն բերման է ենթարկվել Սևան քաղաքի բնակիչ, 51-ամյա մի տղամարդ: Նա ձերբակալվել է։
Դեպքի առթիվ ավազակության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: