Ավազակությունը բացահայտվեց Արաբկիրի քրեական հետախույզների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ
Հուլիսի 11-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն են ստացել, որ ժամը 17.30-ին բժշկական դիմակ դրած չորս տղամարդիկ մտել են Երևանի Փափազյան փողոցում գործող մի կազմակերպության գրասենյակ, ատրճանակով ու դանակով սպառնացել են և հափշտակել զարդեր, փող, բջջային հեռախոսներ, ժամացույցներ, էլեկտրոնային կրիչներ, վարորդական իրավունքի վկայական, ապա փախել են:
Դեպքի վայր են մեկնել օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետներ ու պարեկներ: Տուժողից, որը օտարերկրացի է, ընդունվել է հաղորդում։ Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ավազակության հատկանիշներով։
Իրավապահները զննել են դեպքի վայրը։ Հայտնաբերվել են ատրճանակի նմանվող առարկա, կպչուն ժապավեն, պլաստմասսե ամրաններ, աչքերի կապիչներ, պոլիէթիլենային տոպրակ, մկրատ և այլն: Հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու համար Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ծավալուն օպերատիվ միջոցառումներ իրականացրին։ Պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում պարզվեց գրասենյակ մտած անձանց ինքնությունը։ Նրանք ևս օտարերկրացիներ են։ Արաբկիրի քրեական հետախույզները նաև պարզեցին, որ կասկածվողները Երևանի Գրիգոր Արծրունու փողոցում նստել են «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենա ու շարժվել Մեղրիի ուղղությամբ։ Նրանց հայտնաբերելու միջոցառումներին միացան Երևան քաղաքի վարչության և Մեղրիի բաժնի ծառայողները։ Համագործակցված աշխատանքի շնորհիվ օտարերկրացիները հայտնաբերվեցին Մեղրի-Ագարակ ճանապարհին, ձերբակալվեցին ու տեղափոխվեցին Արաբկիրի քննչական բաժին։ Խուզարկություններով հայտնաբերվել են փող, զարդեր, բջջայիններ և այլն։ Հանգամանքները նախաքննությումբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: