Բացատրական աշխատանքի շնորհիվ զինամթերք է հանձնվել
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ մի շարք քաղաքացիներ կամավոր հանձնել են ապօրինի պահվող զենք-զինամթերք:
Մասնավորապես, օգոստոսի 26-ին Դալարիկ գյուղի 47-ամյա մի բնակիչ ոստիկանության Բաղրամյանի բաժնում կամավոր հանձնել է «ՌՊԳ-22» նռնականետ և տարբեր տրամաչափի 110 փամփուշտ: Նա հայտնել է, որ ինքնապաշտպանական մարտերի մասնակից հանգուցյալ եղբոր զինամթերքը հայտնաբերել է տանը մաքրման աշխատանքներ կատարելիս:
Նույն օրը Մեծամորի բաժին ներկայացած 61-ամյա կինը կամավոր հանձնել է հակատանկային ձեռքի նռնականետի արկ, 125 փամփուշտ, սվին-դանակ, ինքնաձիգի և ատրճանակի փամփշտատուփ ու հայտնել, որ դրանք պատկանել են 1992 թվականին ԼՂՀ մարտական գործողությունների ժամանակ զոհված ամուսնուն:
Ոստիկանության Ստեփանավանի բաժին եկած քաղաքացին կամավոր հանձնել է երկու նռնակ, որոնք գտել էր պապի տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս:
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: