Արմավիրի քրեական հետախույզները բացահայտել են բնակարանային գողություններ
Վերջին ամիսներին ոստիկանության Վաղարշապատի բաժնում պարբերաբար ստացվում էին Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում ու կից համայնքներում կատարված բնակարանային գողությունների վերաբերյալ հաղորդումներ: Դրանց մի մասը միայն փորձ էր. լինում էին դեպքեր, երբ տանը մարդ էր լինում, կամ պարզապես արժեքավոր բան չէին հայտնաբերում: Իսկ դեպքերի վերլուծությունը հուշում էր, որ գողությունները նույն խմբի անդամների գործն է:
Վաղարշապատի ոստիկաններին օգնության ձեռք մեկնեցին Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները:
Օգոստոսի 18-ն էր, երեկոյան ժամը 21.40-ը, երբ 39-ամյա հայրն ու 17-ը չբոլորած որդին, դիմակներով ու ձեռնոցներով, մտան Առատաշեն գյուղի հերթական տունը: Նրանց սպասում էին դարանակալած ոստիկանները: Ձերբակալման պահին, կիսախավարում, հայրը մետաղյա ձողով հարվածեց քրեական հետախույզներից մեկին, ինչը, սակայն, չխանգարեց, որ հայր և որդի ձերբակալվեն ու տեղափոխվեն ոստիկանություն: Դրանից հետո միայն գլխի վնասվածքներ ստացած ոստիկանը տեղափոխվեց Վաղարշապատի հիվանդանոց:
Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ` գողության փորձի և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հատկանիշներով:
Նախաքննական մարմնի հետ քրեական հետախույզների համագործակցությունը տվեց նոր արդյունք: Պարզվեց, որ 39-ամյա հայրը նոր չի ոտք դրել հանցավոր ուղի: Տարիներ առաջ, 2000-ականներից ի վեր, 30 և 28 տարեկան երկու համագյուղացու հետ խումբ կազմած, արդեն իսկ կատարել էր մի քանի գողություններ: Իրավապահները ձեռնարկեցին միջոցառումներ նաև նախկինում կատարված հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ: Պարզվեց ևս մեկ հանգամանք, որն արդեն կատարվել էր մեր օրերում: Այս խմբի անդամներից երկուսի միջև ծագում են անձնական խնդիրներ, և, այսպես ասած` մեղավոր կողմին պատժելու համար մյուսները դիմում են փորձած մեթոդին` գողությանը: Գողանում են հանցընկերոջ «Ֆորդ» մակնիշի մեքենան:
Մեքենան հայտնաբերվել է, և՝ ոչ միայն: Իրավապահների գրագետ ու հետևողական աշխատանքի արդյունքում ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որոնց շնորհիվ ձերբակալվել, հետո նաև կալանավորվել է խմբի անդամներից ևս մեկը` առատաշենցի 30-ամյա տղամարդը: Ի դեպ, նրանց հանցավոր գործողություններից ընդհանուր առմամբ տուժել է 18 անձ:
Օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումները շարունակվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: