ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Գեղարքունիքի մարզում ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության ձեռնարկած միջոցառումները

Գեղարքունիքի մարզում ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության ձեռնարկած միջոցառումները
Հունվարի 15-ին, աշխատանքային խորհրդակցության ընթացքում, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը տարածքային բաժինների պետերին հանձնարարական տվեց առավելագույնս հետեւողական լինել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, զինված հանցախմբերի վնասազերծման գործում` 2014 թվականն այդ առումով դարձնելով վճռորոշ տարի: Այս առանցքային ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները երկար սպասել չտվեցին:
Ոստիկանության պետի հանձնարարականը տարընթերցումների տեղ չէր թողնում, իսկ Գեղարքունիքի մարզի պարագայում ուներ նաեւ կոնկրետ շարժառիթ: Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է Վարդենիսի տարածաշրջանի Ակունք գյուղում՝ ռեստորանային համալիրին հարակից տարածքում կատարված երկու հոգու սպանությունը, որի նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է:
Այս գործի քննությամբ պարզվել է, որ դեպքից առաջ էլ տարբեր սննդի օբյեկտներում կրակոցներ են հնչել: Ոմն Ռաֆայել Թադեւոսյան, որն ազատվել էր պատժի կրումից, վերադարձել էր Վարդենիս, փորձում էր ստեղծել իր ազդեցության ոլորտը: Մի դեպքում Թադեւոսյանը, իր մոտ եղած ապօրինի զենքով` ատրճանակով չորս անգամ կրակել էր ռեստորանի սյանը, մեկ այլ դեպքում զենքը պահել էր մատուցողուհու վրա, ինչ է, թե վերջինս հատուկ ուշադրություն չէր դարձրել իր անձին, երբ նա բարեհաճել էր ներս մտնել, մի երրորդ դեպքում, արդեն իր որդու հետ, անհարկի վիճաբանություն էր սարքել երկու ուրիշ անձի հետ, դիտավորությամբ ոչնչացրել նրանց գույքը: Այս բոլոր սանձարձակությունների նպատակը մեկն էր` ձեւավորել հանցավոր ազդեցության տարածք: 
Այս փաստերի առթիվ էլ հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են միջոցներ՝ Ռաֆայել Թադեւոսյանի գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ: Քրեական գործի նախաքննության շրջանակներում կատարվել են տասից ավելի խուզարկություններ, հայտնաբերվել եւ առգրավվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք: 
Արկածախնդրության հետեւանքները ծանր էին, իսկ ոստիկանության արձագանքը` հստակ ու հատու: Իրենց լուրջ հեղինակություն կարծող այդ տարրերին պետք է զինաթափ անել բառի բուն եւ փոխաբերական իմաստով: Ապօրինի պահվող զենք-զինամթերքը մի նպաստող հանգամանք է, որ կարող է ստեղծել անպատժելիության պատրանք: Այդ պատրանքը պետք է ցրել:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում խորհրդակցությունը կարճ տեւեց: Ասելիքը պարզ էր, հրահանգները` հասկանալի: Եվ տարածքային բաժինների աշխատակիցներն անցան գործի:
Պայմանականորեն «Արսենալ» կոչված համալիր միջոցառումների ժամանակ սովորաբար մեծ տեղ է տրվում քարոզչությանը: Այդպես եղավ եւ այս անգամ, նաեւ՝ Գավառի տարածաշրջանում:
- Չնայած միշտ էլ իրականացնում ենք նման միջոցառումներ,- ներկայացնում է Գավառի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Ա. Հովհաննիսյանը,- բայց այս անգամ դրանք ավելի նպատակային էին: Քարոզչությունն իրականացրինք այն մարդկանց շրջանում, ովքեր հավանական է, որ ունենային ապօրինի զենք-զինամթերք: Արդյունքը եղավ այն, որ մեկ օրում 11 քաղաքացի գիտակից վերաբերմունք ցուցաբերեց…
Կամավոր հանձնողներից մեկն էլ պաշտպանական մարտերում վիրավորված ազատամարտիկ Աշոտ Հարությունյանն էր:
- Մեր թաղայինը գիտեր, որ պատերազմի մասնակից եմ,- մեզ հետ զրույցում ասաց ազատամարտիկը:- Հարցրեց` կարո՞ղ է զենք ունենաս: Հիշեցի, որ ունեմ: Իրար հետ բերեցինք բաժին, հանձնեցինք: Հիմա, փառք Աստծո, բանակ ունենք, էլ ես ի՞նչ եմ անում զենքը:
Հարցը բոլորովին այլ կերպ է դրված որսորդական հրացանների պարագայում: Իհարկե, բոլոր զենքերը, նաեւ սրանք, եթե մնալու են բնակչության ձեռքին, ապա անպայման պետք է լինեն օրինական, գրանցված: Ոստիկանության Մարտունու բաժնում էլ կամավոր հանձնված զենքերի մեջ որսորդական հրացաններ կային: Հանձնողներից մեկն էլ Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ Լյովա Հակոբյանն էր:
- Պապիս հրացանն է,- ասում է,- հիշատակ: Համ էլ` գյուղում ենք ապրում, պետք կգա: Խոստացել են գրանցել ու վերադարձնել ինձ:
Խոստացել են եւ խոստումը պահելու են: Ու միայն Հակոբյանը չի: Քարոզչությունը, որ տանում են ոստիկանները, լիովին հասկանալի է բոլոր օրինապահ քաղաքացիներին: Ո՞ր օրինապահը չի ցանկանա, որ իր զենքը լինի օրինական: Դա են ցանկանում նաեւ իրավապահները` հրաշալի գիտակցելով, որ հատկապես գյուղական վայրերում, հատկապես անասնապահությամբ զբաղվողներին հրացանը շատ պետք է: Օրինակա՛ն հրացանը:
- Մենք մարդկանց բացատրում ենք, որ կամավոր հանձնելիս ազատվում են քրեական պատասխանատվությունից,- ասում է համայնքային ոստիկանության տեսուչ Հ. Հարոյանը,- իսկ որսորդական հրացանները հանձնելիս օգնում ենք, որ գրանցվեն ու վերադարձվեն տերերին:
Նույն վիճակն է նաեւ Վարդենիսում: Ոստիկանության Վարդենիսի բաժին բերված զինանոցում խուզարկությամբ հայտնաբերած եւ առգրավածն ավելի մեծ տոկոս էր կազմում: Ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելուն ուղղված քարոզչությունն էլ արդյունավետ էր: 
Ամփոփենք 2014 թ. հունվարի 17-ին Գեղարքունիքի մարզում ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքները. երեք ինքնաձիգ, մեկ ինքնաշեն ինքնաձիգ, երկու ինքնաշեն ատրճանակ, մեկ ակոսավոր հրացան, 27 որսորդական հրացան, վեց նռնակ, նաեւ տարատեսակ այլ զինամթերք: Միակ բանը, որ անհնար է հաշվել ու ամփոփել, այն է, թե քանի հանցագործություն ու դժբախտ պատահար կանխվեց հունվարի 17-ի միջոցառմամբ:
Միջոցառումները շարունակվում են:
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: