ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գիտաժողով Կրթահամալիրում

Գիտաժողով Կրթահամալիրում
Դեկտեմբերի 4-ին ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց «կլոր սեղան»՝ «Դատախազական հսկողությունը օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ» թեմայով: 
Գիտաժողովին մասնակցում էին ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, դատախազության, արդարադատության նախարարության, պետական եկամուտների կոմիտեի, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմը, կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի եւ մագիստրատուրայի սովորողները:
Դիմելով գիտաժողովի մասնակիցներին՝ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանն ասաց, որ քննարկումը կօժանդակի օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ դատախազական հսկողության ոլորտում առկա գործնական խնդիրների լուծմանը: Նա նշեց, որ քննարկման թեմայի ընտրությունը պատահական չէ. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` օպերատիվ-հետախուզական գործունեության եւ հետաքննության նկատմամբ դատախազական հսկողության կարգը սահմանող նորմերում առկա են վիճահարույց դրույթներ: Նույնը վերաբերում է նաեւ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի մի շարք դրույթների: 
Հովհաննես Վարյանը գիտաժողովի մասնակիցներին մաղթեց կառուցողական քննարկում: 
Քննարկումն անցավ բանավեճերի մթնոլորտում: Գիտաժողովի մասնակիցները բարձր գնահատելով ոստիկանության կրթահամալիրի նախաձեռնությունը՝ հանդես եկան օրենսդրական բացթողումները վերացնելուն ուղղված մի շարք առաջարկություններով: