Ստեփանավանի ոստիկանները բացահայտել են Գյուլագարակում կատարված գողությունը
Մայիսի 26-ի առավոտյան ոստիկանության Ստեփանավանի բաժին օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Գյուլագարակ գյուղի մթերային խանութից գողություն են արել։
Օպերատիվ խումբը մեկնել էր Գյուլագարակ։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել էր, որ ինքնությունը չպարզված անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ անցք են բացել խանութի թիթեղյա պատի մեջ, մտել ներս և հափշտակել տարբեր ապրանքներ։ Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։
Ոստիկանները, փոխգործակցելով Ստեփանավանի քննչական բաժնի ծառայողների հետ, դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզեցին, որ գողությունը կատարել է Վանաձոր քաղաքի 28-ամյա մի բնակիչ։ Հունիսի 15-ին նա Վանաձորից բերման ենթարկվեց և ներկայացվեց Ստեփանավանի քննչական բաժին, որտեղ տվեց խոստովանական ցուցմունք։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: