Գողություն, զենք-զինամթերքի հայտնաբերում ու կամավոր հանձնում
Օրերս ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները մի քանի դեպք են բացահայտել։ Նախ քրեական հետախույզներն Օհանավան համայնքում ձերբակալել ու բաժին են տեղափոխել օհանավանցի մի տղամարդու։ Նա հայտնել է, որ հոկտեմբերի կեսերին գողացել է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության պատկանող շինանյութ ու եվրոպատուհան։ Ըստ ընկերության ներկայացուցչի հաղորդման՝ դրանք նախատեսված էին Օհանավանի դպրոցի շինարարական աշխատանքների համար։
Աշտարակի համայնքային ոստիկանները Նոր Երզնկա համայնքում կատարած ստուգայցի ընթացքում բնակիչներից մեկի տանը հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 45 փամփուշտ, որոնք, ըստ բնակչի, բերել էր Արցախից։
Բացի այդ, համայնքային ոստիկաններն ու թույլտվության համակարգի ծառայողներն իրականացրել են բացատրական աշխատանք, ինչի շնորհիվ Աշտարակի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան ու զինամթերք։
Դեպքերի հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: